Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ միանալու մեր պայքարին, ինչպես 2013-ին․ հիմա S դասի մեքենաներ, BMW-ներ, «ախրաննիկներ» ունեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մարդ կտանենք տուն, աշխատանքի»․ Հայկ Մարության

Փետրվար 07,2024 14:36

«Իրենք չեն կարողանալու տրանսպորտը թանկացնել, կտեսնեք․ դա կապացուցեն երևանցիները։ Չեն կարող ճնշել, սա ցրված պայքար է, ամեն ինչ մտածված է»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասաց, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը կսկսեն, երբ այն թանկանա, իսկ որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերից։

Ըստ Հայկ Մարությանի՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամների մեծամասնությունը գաղափար չունի՝ ինչի համար են քվեարկում և ինչ հետևանքներ կունենան այդ որոշումները։

Ըստ նրա՝ կարմիր գծերի՝ 160 հազար դրամ վճար սահմանելուց հետո էլ ոչ մի ձև չեն բեռնաթափել Երեւանի կենտրոնը․ «Ոչ մեկին չեմ ճանաչում, որ իր մեքենան այս որոշումից հետո թողնում է տանը և տրանսպորտով երթևեկում։ Դա կոնկրետ թալան է։ Այս թանկացումը չի վերաբերվում հարուստներին։ Նրանք, մեկ է, այդ գումարը կտան, կգնան, սա ազդել է միջին դասի և սոցիալական խնդիր ունեցող մարդկանց վրա»։

Ըստ Հայկ Մարությանի՝ այն թվերը, որոնք ներկայացվել են ավագանու որոշմանը, ըստ դրա՝ տրանսպորտով մեկանգամյա ուղևորությունը դառնալու է 300 դրամ։

Հարցին՝ հնարավո՞ր է առանց թանկացնելու տրանսպորտը սպասարկել և եթե Դուք լինեիք քաղաքապետը, այդ խնդիրները ինչպե՞ս էիք լուծելու, նա պատասխանեց․ «Իհարկե, հնարավոր է։ Դրա անունը կոչվում է սուբսիդիա։ Տրանսպորտի թանկացման որոշումն էլ են անցկացնելու, քանի որ թքած ունեն ժողովրդի և′ կարծիքի վրա, և′ իրավիճակի վրա։ Իրենք իրենց հարցերն են լուծելու։ Մինչդեռ և′ պետության, և′ քաղաքային իշխանության սուրբ պարտականությունն է մարդկանց տնից տանել աշխատանքի, որ իրենք բարիք ստեղծեն, հարկեր վճարեն, որ պետությունն ապրի, իսկ հետո մարդկանց գործից հասցնել տուն։ Հետո էլ այնպես անել, որ լավ հանգստանան, որ էլի գան աշխատանքի»։

Հայկ Մարությանը վստահեցրեց՝ իրենց թիմը ոչ մի բանով չի տարբերվում տասը տարի առաջվա թիմից, տրանսպորտի թանկացման դեպքում նույն կերպ պայքարելու են․ «Միայն այն տարբերությամբ, որ մի փոքր ծերացել ենք։ Պարոն Սիմոնյանին և Փաշինյանին հրավիրել եմ միանալու մեր պայքարին, ոնց այն ժամանակ 2013-ին տրանսպորտի դեմ պայքարի ժամանակ Սիմոնյան Ալենը, Փաշինյան Նիկոլը եկան ու միացան իմ ու ընկերներիս կազմակերպած պայքարին։ Սեպտեմբերին պայքարը լինելու է, խոսք եմ տալիս, որ նախ մեր թիմը, ապա ես անձամբ լծվելու ենք այդ պայքարին։ Երևանցիները թույլ չեն տալու»։

Հարցին՝ ստացվում է Նիկոլ Փաշինյանի մեթոդներո՞վ եք պայքարելու, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Դա իմ մեթոդն է։ 2013-ին այդ մեթոդը ես ու իմ ընկերներն էինք մշակել և Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ ՔՊ-ականներ եկել, միացել էին մեր պայքարին, որը ողջունելի էր։ Նաև հիմա՝ երրորդ անգամ եմ ասում՝ անպայման գան։ Էն ժամանակ ավելի համեստ մեքենաներով էին, հիմա S դասի մեքենաներ ունեն, BMW-ներ ունեն, «ախրաննիկներ» ունեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մարդ կտանենք տուն, աշխատանքի»։

Լրագրողների դիտարկմանը՝ Արցախը հանձնեցին, բայց չպայքարեցին, մինչդեռ տրանսպորտի թանկացման համար եք պայքարում, Հայկ Մարությանն արձագանքեց, որ Արցախը հանձնելը ողբերգություն էր և հավելեց, որ յուրաքանչյուր հարց ունի պայքարի իր մեթոդը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829