Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր չեմ տեսնում ընդվզում, հանրային պահանջ կամ գոնե փոքրիկ նախաձեռնություն, որ գնամ՝ այդ նախաձեռնության կողքին կանգնեմ. Անի Քոչար

Փետրվար 07,2024 14:20

Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը միասնական տոմսային համակարգի ներդրումը ոչ թե տրանսպորտի սակագնի թանկացում է համարում, այլ վճարման ավելի մատչելի ու շահեկան տարբերակ քաղաքացիների համար:

«Բայց մի հատ մեծ «բայց» կա, ու շատ մեծ վերապահում ունեմ այս ամբողջ գործընթացին, որ կատարվում է: Համեմատելով Եվրոպայի, Գերմանիայի փորձի հետ, որտեղ ես ութ տարի ապրել եմ, երբ ես լսում էի Ավինյանի ելույթը, նա իր խոսքում ասում էր, որ չի լինելու մեկանգամյա օգտագործման տոմս, չի լինելու կարճաժամկետ տոմս եւ այլն ու այնքան գոհ էր իրենից հայտնում, կարծես լավ բան է: Ես էլ եմ քաղաքացի, ես ունեմ սեփական փոխադրամիջոց, բայց մարդ ես, կարող է մի օր մեկ կամ երկու անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելու կարիք եմ ունենում ու ինձ պետք է մեկանգամյա տոմս: Գերմանիան, որ Գերմանիա է, այնտեղ կա միասնական տոմսերի համակարգ ամսվա, տարվա, եռամսյակի համար; Այնպիսի ճկուն համակարգ է մտածված, որ յուրաքանչյուր քաղաքացի ընտրի իրեն հարմար տարբերակ, բայց այդ ամենի կողքին կա նաեւ մեկանգամյա օգտագործման տոմս: Շատ լավ է, որ ուզում են բարեփոխումներ անել, շատ լավ է, որ ուզում են օգտագործել դրսի դրական փորձն ու օրինակը, բայց այնքան լավ կլինի, որ համագործակցեն ոլորտից հասկացող կամ դրսի փորձին տիրապետող մարդկանց հետ ու ներդնեն այնպիսի համակարգ, որն իսկապես հօգուտ քաղաքացու է ու նպաստելու է՝ ոչ թե քաղաքացին իր գրպանից ավելին վճարի, այլ ճիշտ հակառակը. հարմարավետ, մատչելի, ճկուն համակարգ պետք է ստեղծել: Որեւէ երկարաժամկետ, նպատակին ծառայող բան չի արվում հապշտապ ու ոտքի վրա»,- մեզ հետ զրույցում նկատեց Անի Քոչարը:

Հիշեցնենք, որ Անի Քոչարը մեկն էր այն հայտնի մարդկանցից, որ տարիներ առաջ միացել էր «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնությանը, նկարահանվել էր սոցիալական գովազդում, որտեղ հայտնիները շարքային քաղաքացիներին քաջալերում էին, թե ամոթ չէ 100 դրամ վճարելը, ամոթ է 150 դրամ վճարելը, եթե կողքինդ չունի այդ 50 դրամը:

«Այնքան գեղեցիկ գովազդեցին այս նոր բերված ավտոբուսները, որ վարորդները այլեւս հեռախոսով ղեկին չեն խոսելու, կոկիկ են լինելու։ Մեկ-երկու ամիս առաջ փորձի համար ավտոբուսով իջանք քաղաք, ու շատ մեծ բարեփոխումներ չնկատեցի, որովհետեւ հասկացա՝ ավտոբուսներն աշխատում են մեծ ուշացումով, շատ գերծանրաբեռնված։ Այս վիրուսների տարածման փուլում՝ մարդկանց իրար ուսի բարձրացրած երթեւեկելու հնարավորություն տալը բարեփոխված համակարգ չէ։ Պետք է այնպիսի պատշաճ սպասարկում ու որակ ապահովեն, նոր ըստ դրա ծառայությունների գները բարձրացնեն: Բայց Հայաստանում, ինչպես նախկինում շատ բան արվում է պարզապես անելու համար, որ ցույց տան՝ տեսեք՝ աշխատում ենք»,- հավելեց Անի Քոչարը

Ինչու 150 դրամի դեմ պայքարողները նոր սակագնային փաթեթից չեն դժգոհում, Անի Քոչարի խոսքով, ցանկացած պայքարի համար պետք է լինի ժողովրդական ալիք, ցանկություն. «Այն ժամանակ էլ ունեի փոխադրամիջոց, հիմա էլ ունեմ ու այն ժամանակ էլ պայքարի էի դուրս եկել ժողովրդի համար, ոչ անձնապես ինձ համար: Այն ժամանակ ժողովրդի կողքին էի, որովհետեւ ժողովուրդը բողոքում էր, բայց իր ձայնը տեղ հասցնելու համար չէր գտնում ելքեր, դրա համար մենք՝ հանրային մարդիկ, լծվեցինք այդ գործին: Այսօր չեմ տեսնում ընդվզում, հանրային պահանջ կամ գոնե փոքրիկ նախաձեռնություն, որ գնամ՝ այդ նախաձեռնության կողքին կանգնեմ: Ու առհասարակ վերջին տարիներին ժողովուրդը, կարծես, թմբիրի մեջ լինի, ցանկացած բան, որ չէր ներվում նախկին իշխանություններին, այժմ ներվում է գրեթե ամեն բան: Ցավում եմ, որ այս ժողովուրդը չհասկացավ, որ իշխանություն է ընտրում, որ իրենց ծառայեն, այլ ոչ թե 5, 6 կամ 10 տարի շարունակ նույն պրիմիտիվ լոզունգներն ասեն՝ բա ինչ է նախկինները լա՞վն էին: Ո՛չ, լավը չէին, դրա համար էլ պայքարում էինք, բայց դա չի նշանակում, որ նորերին պիտի բերեինք մեր գլխներին նստեցնեինք»:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում միասնական տոմսային համակարգի ներդրում է առաջարկում: Տիգրան Ավինյանն այս համակարգի ներդրումը թանկացում չի կոչում։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Քաղաքապետը ընդգծել է նաեւ, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829