Մեր խմբակցության չորս անդամներին մանդատներից զրկելով՝ բան չի փոխվելու․ այս նախաձեռնությունն իրավական չէ, քաղաքական է ու աննախադեպ է։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Այսօրվա նիստի օրակարգում են «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։
«Խոսում եք, որ քվեարկություններին չեն մասնակցել․․․մեր կողմից քաղաքական որոշում է եղել չմասնակցել նիստերին, բայց Սոնա Աղեկյանը նստած է եղել դահլիճում։ Հիմա ի՞նչն է խնդիրը, անպայման կոճակը սեղմե՞լ, վերեւից եկած հրահանգը կատարե՞լ։ Պարոն Իսպիրյան, որ տենց գլխահակ նստել եք, սիրված երգիչ էիք, էդ որ գալիս եք՝ ոչ ելույթ եք ունենում, ոչ նախագիծ եք բերում, դուք ավելի՞ լավ ավագանի եք, քան Աղեկյան Սոնա՞ն։ Գալիս եք՝ քվեարկում ու համարում, որ ձեր պարտականությունները կատարել եք։ Սոնա Աղեկյանի չափ շրջայց կատարեք քաղաքում, խնդիրներին տեղյակ եղեք, նրա պես դուրս եկեք փողոց, տեսեք՝ ձե՞զ են շատ մոտենում, թե՞ նրան»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Նա անդրադառնալով «Հանրային Ձայն»-ի ավագանու անդամի ելույթին, ասաց․ «Համարձակություն ունեցան անդրադառնալ մեզ։ Գնացեք ձեր առաջնորդի հետ ձեր հաշիվները լուծեք»։
Կարդացեք նաև
«Հանրային ձայն»-ից արձագանքեցին՝ մեր առաջնորդը հիմա դարձել է ձեր առաջնորդը։ Դահլիճում կրքերը բորբոքվեցին, շատերը տեղից արձագանքում էին, ինչ-որ ռեպլիկներ անում։
«Մի րոպե, իյա»,-ասաց Սուքիասյանը։
«Հըըը՞ն»,-արձագանքեց Անի Խաչատրյանը։
«Ոնց որ փսիխոդիսպանսերից մարդ կանչելու կարիք կա ստեղ»,-ի պատասխան դահլիճից հնչող ռեպլիկների՝ ասաց Սուքիասյանը։
Նա, շարունակելով ելույթն, ասաց․ «Մայր Հայաստանի մատի ու մատանու արանքը ոչ մեկը չհամարձակվի մտնի։ «Հանրային ձայնը» Սոնա Աղեկյանի մասին խոսելիս՝ շանտաժի անուն տվեց, հետո ներողություն խնդրեց։ Ակնհայտ է, որ շանտաժով եք եկել՝ նստել ստեղ, մի հատ էլ չեք ամաչում՝ ձեն եք հանում մարդկանց հասցեին»։
Սուքիասյանը հայտարարեց՝ իշխանությունը համապետական մակարդակով սպառել է իրեն, իսկ «Մայր Հայաստան»-ը որ պահին պետք լինի, բոյկոտելու է նիստերը։
Մանրամասն՝ տեսանյութում
«Հանրապետություն» խմբակցությունից Հայկ Սահակյանն էլ արձագանքելով «Ազգային առաջընթաց»-ից Իզաբելլա Աբգարյանի ելույթին, ասաց․ «Տիկին Աբգարյան, նույն քաղաքական ուժն է, դուք այդ քաղաքական ուժով իշխանության եք եկել, հետո խի եք դավաճանել, չգիտեմ։ Երեք տարում երեք տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից, բարոյականությունից, իրեն խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետեւ կանացի հագուստն իրեն շատ է սազում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ