«ՔՊ-ն այնպիսի արհավիրքներ է մեր ժողովրդի գլխին բերել, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է։ Իսկ սա փոքր մի միջադեպերից մեկն է»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում նա զրկվեց մանդատից՝ 34 կողմ, դեմ՝ 0 ձայներով։
Հայկ Մարությանն ասաց, որ իշխանությունն ուղղակի այստեղ դակում է վերևից իջեցված հրամանները։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա կուսակցակա՞ն, քաղաքակա՞ն որոշում է, նա պատասխանեց․ «Իհարկե , սա մաքուր քաղաքական որոշում է։ Անցյալ գումարման ժամանակ տասնյակ մարդիկ դրա տակ էին ընկնում, ինչո՞ւ չեն հանել»։
Հստակեցմանը՝ Դուք պահանջում եք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարակա՞նը, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մենք աշխատելու ենք՝ որպես ընդդիմություն։ Իմ թեկնածությունը միակն էր, որը կոնսենսուսային էր ընդդիմության համար։ Եթե հարց լիներ անվստահություն հայտնելու քաղաքապետին, եթե նոր քաղաքապետի հարց լիներ, իմն այն թեկնածությունն էր, որի շուրջ կար կոնսենսուս ընդդիմության շրջանում։ Ընդդիմության միասնական թեկնածուն կարող եմ ես լինել։ Իրենք, օգտվելով առիթից շատ արագ այս պահին հեռացնում են այդ թեկնածուին, որ իրենց վտանգ չսպառնա։
Կարդացեք նաև
ՔՊ-ն փոքրամասնություն է։ Իրենք ունեն 65-ից 32 մանդատ։ Իրենց թեկնածուի ընտրվելն ապահովեց «Հանրային ձայն» խմբակցությունը։ Հիմա էլ իրենց մեջ խժդժություններ տեղի ունեցավ, այնտեղից տեղի ունեցավ քաղաքական անասնագողություն, և տեսնում եք, որ ապահովում են քվորումը։
Ինձ հանելու երկրորդ պատճառը նա է, որ սրանով ուզում են մնացած ընդդիմությանը վախեցնել, որ եթե չգաք, քվորումը չապահովեք,մեր առաջարկած որոշումները չընդունեք, մենք ձեզ այսպես հերթով հանելու ենք։ Այս պահին 27 ավագանու անդամի կարող են այս պատրվակով հանել։ Իրենք այն վիճակում են հայտնվել, որ եթե հիշում եք՝ նիստի օրը սկզբում փետրվարի 5-ն էր նշանակված, տեղափոխեցին ամսի 7-ը։ Նիստի օրը պետք է առողջ լինեն, հիվանդանոցում, եթե լինեն, կաթիլայինով բերեն, որ քվորում լինի։ Նիստի օրը փոխվեց ամսի 7-ին․ երևի մեկին կաթիլայինից հանել, բերել են, կամ «Հանրային ձայնի» հարցերն են լուծում, վերջին բանակցություններն են տանում՝ փող, խոստումներ, կամ վախեցնում են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ