Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյան․ ««Քաղաքացիական պայմանագիր»-ը անպատասխանատու քաղաքական ուժ է։ Մի՛ ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու»

Փետրվար 07,2024 13:08

«Այսօր ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, որովհետեւ այս նույն զգացողությունները ես ունեցել եմ 2021թ-ին, երբ ավագանին որոշում էր հեռացնել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ որպես հիմնավորում բերելով իր խնդիրներն իր քաղաքական ուժի հետ եւ գեթ մեկ փաստաթուղթ, գեթ մեկ ապացույց չներկայացնելով, որ օրինակ Հայկ Մարությանը վնաս է պատճառել քաղաքին։ Բան չի փոխվել, իշխանության է նույն քաղաքական ուժը, որ բնավորություն ունի այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, իր նախորդի արածը իրեն վերագրել, իսկ որը ձեռնտու չէ՝ ասել՝ դե մենք չենք»,-այս մասին Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։

Այսօրվա նիստի օրակարգում են «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը։

Աբգարյանի խոսքով՝ ամենավատ բանը, որ մենք կարող ենք տեսնել՝ հենց անպատասխանատվությունն է․ «Ես հիմա հայտարարում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անպատասխանատու քաղաքական ուժ է, որովհետեւ չի կրում պատասխանատվություն իր իսկ քաղաքական ուժի նախորդ գումարման ավագանու անդամների արածների համար։ Իսկ նախորդ գումարման ժամանակ 80 % դահլիճ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողանում ապահովել քվորում»։

Անդրադառնալով ավագանու իրենց խմբակցության անդամների բացակայություններին, Աբգարյանն ասաց՝ տեղի է ունեցել մեկ նստաշրջան, որից առնվազն երկու նիստի ընթացքում օրակարգը եղել է քաղաքական, այսինքն` ընտրվել է քաղաքային իշխանություն՝ քաղաքապետ եւ փոխքաղաքապետ․ «Մեր խմբակցությունը առաջին անգամ հայտարարել էր, որ բոյկոտում է, որովհետեւ մենք չէինք կարող թույլ տալ, որ ընտրվի մարդ, ում երեւանցին չի ընտրել։ Երկրորդ դեպքում խմբակցությունը ներկայացել է, նշել է պատճառները, թե ինչու էր մեզ համար անընդունելի ձեւավորել փոխքաղաքապետերի տվյալ թեկնածուներից կազմված իշխանություն ու կրկին հեռացավ՝ բոյկոտելով քվեարկությունները»։

Աբգարյանի ներկայացմամբ՝ «Ազգային առաջընթաց»-ը բոյկոտել է այն քվեարկությունները, որտեղ այն հարցերն էին, որոնք վնասում էին Երեւանին, վատ էին մշակված եւ մեծ հարված էին երեւանցիների բյուջեի համար․ «Ասում եք՝ գայիք աշխատեիք։ Ավելի լավ է դուք չգայիք, չաշխատեիք, եթե կոճակ սեղմելը ձեզ համար աշխատանք է։ Դուք խեղդել եք մանր եւ միջին բիզնեսը՝ բարձրացնելով տարատեսակ վարձավճարները։ Դուք ընդունել եք որոշումներ, որոնց պատճառով մարդիկ ասում են՝ փակվենք ,գնանք։ Մարդիկ նշում են, որ բոլոր որոշումները հօգուտ խոշոր բիզնեսի են։ Ոչ թե կոճակ սեղմելով է աշխատանքի արդյունավետությունը երեւում, այլ՝ թե ինչպես են ընդունում մեր քաղաքացիները եւ որքանով է շահում քաղաքը։ Դուք արհեստական գնաճ եք առաջացնում սրճարանների, վարսավիրանոցների տարատեսակ վճարներն ավելացնելով։ Հիմա էլ տրանսպորտային փաթեթն եք բերում, նույն ձեւ թերի, չմտածված, բազմաթիվ բացերով ու որեւէ մեկի հետ հաշվի չեք նստում։ Մեր խմբակցությունը երկու հանրային լսում է կազմակերպել քաղաքի համար օրհասական կարեւոր թեմաներով։ Բա ո՞ւր էիք, գայիք նստեիք, խոսեիք։ Չեք կարող ասել, որ մեր խմբակցությունը չի աշխատել, մեր խմբակցության աշխատանքները միշտ գլխավորել է Հայկ Մարությանը, նախագծերը, որ մենք բերել ենք, Հայկ Մարությանի գլխավորությամբ են մշակվում։ Նա այդ բոլոր նիստերին ներկա է եղել։ Մի՛ արեք նման բաներ, մի՛ ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու, ճիշտ այդպես նախկինները չէին հավատում, որ մի օր էլ իրենք են լինելու ընդդիմություն, մի՛ արեք բան, որը վաղը ձեր դեմ են օգտագործելու, մի՛ թշնամացրեք ․․․արդեն թշնամացրեք «Ազգային առաջընթաց» խմբակցությունը», որովհետեւ դուք չունեք լեգիտիմության այն տոկոսը, որը ձեզ թույլ կտա հանգիստ կառավարել։ Ձեր հույսը քաղաքական ճնշումներն են 3-րդ խմբակցության վրա կամ էլ, ինչպես ժողովուրդն է խոսում՝ ինչ-ինչ կոռուպցիոն մեթոդներով ձայները գողանալը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829