ԱԺ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց Կարեն Թումանյանին․ «Ի՞նչ հիմքով եք ազատվել զինվորական ծառայությունից, ե՞րբ եք ամուսնացել եւ քանի՞ տարեկան են ձեր երեխաները»։
«Հաշվի առնելով, որ այդ հարցը նաեւ լրատվամիջոցներով եք շրջանառության մեջ դրել, ես վերջին անգամ այդ հարցին պատասխանեմ։ Ես պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել եմ օրենքի հիման վրա։ Ես վեց անգամ բարեվարքության քննություն եմ անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ վեց անգամ ստացել եմ դրական եզրակացություն»,- ասաց Կարեն Թումանյանը։
Ագնեսա Խամոյանը շարունակեց հարցադրումը․ «Դուք զինվորական ծառայությունից ազատվել եք ընտանեկան դրության բերումով, այսինքն՝ երկու եւ ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված։ Դուք մամուլին ասել եք, որ ամուսնացել եք 2012 թվականին։ Ո՞նց է ստացվում, որ դուք 2012 թվականին ամուսնացել եք, բայց 1994 թվականին երկու եւ ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված՝ ազատվել եք զինծառայությունից։ Դուք խոսում եք, բարեվարքությունից, դուք պատրաստվում եք դառնալ ԲԴԽ անդամ, ձեզ ՔՊ-ն է առաջադրել, որն ամեն առիթով խոսում է ու նաեւ արդարացիորեն խոսում բանակից խուսափածների մասին։ Ակնհայտորեն այստեղ խնդիր կա, դուք ո՞նց եք վերահսկելու դատավորների բարեվարքությունը, երբ ակնհայտորեն 1994 թվականին խուսափել եք զինվորական ծառայությունից»։
Կարդացեք նաև
Կարեն Թումանյանն ասաց․ «Կարող է ձեզ համար նորմալ է Ազգային ժողովում միմյանց որեւէ բառեր ասելն եւ հետագայում հետեւանք չունենալը, բայց ես խնդրում եմ, որ դուք ձեր բառերի ընտրության ժամանակ նկատի ունենաք, որ հարց եք տալիս իրավաբանին։ Եվ խուսափելու հանգամանքի վերաբերյալ զգույշ վերաբերվեք։ Ավելացնելու ոչինչ չունեմ»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց Կարեն Թումանյանին․ «Ես ներողություն եմ խնդրում, ի՞նչ է նշանակում՝ սովոր եք իրար բաներ ասել, եւ հետեւանք չլինի։ Այսինքն՝ պիտի ծեծենք իրար, պիտի «ռազբորկա» անենք, ի՞նչ նկատի ունեինք։ Որպես Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ նկատի ունեք»։
Կարեն Թումանյանը պատասխանեց․ «Ես նկատի ունեմ, որ բառերը, որոնք արտահայտվում են, դրանք կարող են լինել նաեւ քրեորեն հետապնդելի արարքի որոշակի մաս, օրինակ, խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես պարտադիր զինվորական ծառայությունից չեմ խուսափել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ