Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային ձայնը»՝ մանդատից զրկվող ավագանու անդամների մասին․ «Նարինե Հայրապետյանը ոչ հայկական կին էր։ Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց»

Փետրվար 07,2024 12:45

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որի օրակարգում ընդգրկված են «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը, «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյանը ներկայացրեց իրենց խմբակցության դիրքորոշումը եւ թե ինչպես են քվեարկելու։

Հիշեցնենք, որ երբ քննարկվում էր Նարինե Հայրապետյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, նիստին մասնակցում էին ավագանու 35 անդամներ, «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները բացակայում էին, «Հանրային ձայնից» երկու անդամ է մասնակցում։

Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցի զեկուցման ժամանակ «Ազգային առաջընթաց»-ի անդամները, այդ թվում՝ Հայկ Մարությանը, ինչպես նաեւ «Մայր Հայաստան»-ի անդամները միացան նիստին։

«Հանրային ձայն»-ից այս նիստին մասնակցում են Վահե Եսայանն ու Վահան Ավագյանը, որը մանրամասնեց, թե ինչու են ներկա։

«Հանրային ձայնը ամենափոքր խմբակցությունն է, բայց որոշիչ է, մեր որոշելով այսօր կլուծենք այն հարցերը, որոնք կախված են Երեւանի վրա։ Սա դրական ուղղված նիստ է, որովհետեւ կա նաեւ կարմիր գծերի հետ կապված հարց, արտոնություն է տրվելու, որը մենք ենք առաջարկել։ Օրակարգում կա կառուցապատման հետ կապված հարց։ Սրանք կարեւոր են երեւանցիների համար։ Մենք աշխատում ենք, ի տարբերություն սադրիչների ու շոու սարքողների, չենք բոյկոտում։ Բոյկոտ անում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց, կամ չեն կարողանում բանակցել ու գալ կառուցողական հարաբերությունների»,-իր ելույթում ասաց Ավագյանը։

Նա՝ դիմելով նիստերը բոյկոտող ընդդիմադիր անդամներին, ասաց՝ ձեզ չեն ընտրել նրա համար, որ բոյկոտեք, ընտրել են, որ աշխատեք․ «Չաշխատելը նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը դավաճանություն է ձեր ընտրողների նկատմամբ»։

Դահլիճից ընդդիմադիրներն արձագանքեցին՝ դու ի՞նչ գործ ունես մեր ընտրողների հետ։

Ավագյանը շարունակեց՝ ես դեմ եմ ե՛ւ ներկաներին, ե՛ւ նախկիններին։ Ապա` անդրադառնալով մանդատից զրկվող ավագանու անդամներին, ասաց․ «Նարինե Հայրապետյանին մանդատից զրկելուն կողմ քվեարկեցի։ Նարինե Հայրապետյանը, մեր տեսանկյունից, ոչ կառուցողական է, ես չեմ նկատել, որ այդ կինը երեւանցիների համար նախագիծ բերի, սադրում էր, հայհոյում էր, ոչ հայ կնոջ կեցվածքին․․․ ընդհանրապես ոչ հայկական կին էր»։

Հայկ Մարությանի մասին էլ Ավագյանն ասաց՝ Մարությանը այգիների մասին էր խոսում, բայց այդ նույն այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել ու նիստերին ընդհանրապես չի եկել»։

Ինչ վերաբերում է Սոնա Աղեկյանին, ապա Ավագյանն ասաց՝ Աղեկյանը նույնպես շոուներ էր անում, սադրում, ուստի նրան մանդատից զրկելուն կողմ են քվեարկելու։ Ավագյանն ասաց, որ Գեւորգ Ստեփանյանի եւ Զարուհի Փոստանջյանի դեպքում դեմ են քվեարկելու, քանի որ օրինակ Ստեփանյանին Ավագյանը տեսել է աշխատելիս․ «Փոստանջյանի համար դեմ կքվեարկենք, սեպտեմբերից լսում եմ, որ խնդիր կա խմբակցության ներսում, չեն թողնում ներկայանա»։

Մանրամասն՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829