Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոբախիձեի անունն, ի տարբերություն Ղարիբաշվիլիի, կապված չէ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի հետ, ինչն ընտրական տեսանկյունից ավելի շահեկան է դարձնում Կոբախիձեի դերը»

Փետրվար 07,2024 12:38

Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հրաժարական է տալիս Վրաստանի վարչապետի պաշտոնից և ստանձնելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ նրան փոխարինելու է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Վերլուծաբանները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները այս որոշման հետևում տեսնում են Բիձինա Իվանիշվիլիի ազդեցիկ ձեռքը։

Թվում է, թե Ղարիբաշվիլիի գործողություններում ինչ-որ բան նյարդայնացրել է Բիձինա Իվանիշվիլիին, ուստի վերոնշյալ փոփոխությունների պատճառ կարող են լինել մի քանիսը

🔹 Այս տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, ուստի, նախընտրական քարոզարշավին ընդառաջ, Բիձինա Իվանիշվիլին հավանաբար զգացել է, որ թիմը պետք է ղեկավարի մի մարդ, ով չի եղել գործադիր իշխանությունում: Իրոք, Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության նախագահն էր, բայց գործադիր իշխանության մաս չէր կազմել և ֆորմալ առումով պատասխանատվություն չի կրում կառավարության տարիների գործունեության հետևանքների համար։

🔹 2023 թ. դեկտեմբերի 30-ին Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականության մեջ շրջադարձի մասին և, ի թիվս այլ բաների, բացատրեց իշխող թիմում կոռուպցիոն ռիսկերից ապահովագրվելու անհրաժեշտությունը։ Իրակլի Կոբախիձեի անունն, ի տարբերություն Ղարիբաշվիլիի, կապված չէ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի հետ, ինչն ընտրական տեսանկյունից ավելի շահեկան է դարձնում Կոբախիձեի դերը։

🔹Միգուցե Իվանիշվիլիի աչքերում Ղարիբաշվիլիի քաղաքական կերպարը չափազանց ազդեցիկ է դարձել, ուստի Կոբախիձեի առաջխաղացումը վարչապետի պաշտոնում կարելի է բացատրել նրանով, որ Իվանիշվիլին ավելի շատ է վստահում նրան, նրանից սպառնալիք չի սպասում և չի կարծում, որ հետագայում նա չափազանց մեծ անկախություն կցուցաբերի։ Տեսականորեն նման վտանգ կարող է լինել Ղարիբաշվիլիից, քանի որ, ի տարբերություն Կոբախիձեի, Ղարիբաշվիլին ունի կողմնակիցներ, որոնց շրջանում նա մեծ վստահություն է վայելում։

Խիստ կասկածելի է, որ նոր վարչապետի նշանակումով վրացական իրականությունում էական փոփոխություններ տեղի կունենան, հատկապես վրացական արտաքին քաղաքականության առումով, քանի որ Իրակլի Կոբախիձեի և Իրակլի Ղարիբաշվիլիի տեսակետների տարբերություններ տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ երբեք ի հայտ չեն եկել։

Ներքին փոփոխությունների առումով հնարավոր են զարգացումներ՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, հնարավոր է գործադիր իշխանության կառույցներից պաշտոնյաների փոխարինման հետ։

📌 Ըստ ամենայնի, կառավարության ղեկավարի փոփոխության հիմնական գործոններից են առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ կապված ընտրությունների վերաբերյալ իշխող կուսակցության հաշվարկների հետ։ Այսպիսով, կարելի է նշել, որ փոփոխությունների նպատակն է ստեղծել առավել հարմար հարթակ ակտիվ գործողությունների, ռիսկերի վերացման և նախընտրական քարոզարշավի դրական արդյունքների համար։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829