Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղը չհամարձակվեք վերածել խուժանանոցի». Գետքի բնակիչները փակել էին ճանապարհը

Փետրվար 07,2024 12:08

Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի սահմանամերձ Գետք գյուղի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղու Գետք գյուղի սկզբնամասը` պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ են պաշտոնազրկել վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին։

«Ձեր նշանակած մարդուն ինչո՞ւ եք պաշտոնազրկում, երբ նա 7 ամիս է` ինչ աշխատում է, հասցրել է բավական մեծ գործեր անել, գյուղը լուսավորել, աղբարկղեր տեղադրել։ Ինչո՞ւ մեր կարծիքը չեք հարցնում, սա էր մեր երազած Հայաստա՞նը, որ մի գրչի հարվածով ազատեք այն մարդուն, որին գյուղի 99 տոկոսը կողմ է։ Կոկորդներիս է հասել, հերիք եղավ, բոլ եղավ»,–ասում էին գյուղացիները։

Ըստ նրանց, գյուղի հիմնախնդիրների մասին բարձրաձայնելուց հետո՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կանչել է նրան ու հարկադրել դիմում ներկայացնել։

Բողոքավորների ասելով, իրենք ուրբաթ օրը գնացել են Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի մոտ` պահանջելով չստորագրել դիմումը։ Նա ասել է, որ հարցը կքննարկի մարզպետի հետ, սակայն եռօրյա ժամկետը լրանալուց հետո նոր նշանակում է արել։

Գյուղացիները պահանջում էին գյուղը խուժանանոցի չվերածել։

Վարչական ղեկավարի մայրն ու կինն էլ պնդում են, որ մարզպետը նշանակել է իր մտերմուհուն` Նարինե Հարությունյանին։ Ցուցարարների ասելով` իրենք դեմ են նոր նշանակմանը։

Ճանապարհը բացեցին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի` ցուցարարների հետ հանդիպելուց հետո։ Զավեն Մանուկյանը պարզաբանեց, որ որոշումը քաղաքական է, ինքը տեղյակ էլ չէ վարչական ղեկավարի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից, հետևաբար դա իր համար առիթ չէր կարող լինել պաշտոնազրկման։

Նա ասաց` եթե նոր ղեկավարը լավ չաշխատի, կպաշտոնազրկեն նաև նրան։

Այս խոսքերն առավել լարեցին կրքերը, վիճաբանություն եղավ Զավեն Մանուկյանի ու պաշտոնազրկված վարչական ղեկավարի մոր միջև։

Ամեն դեպքում Զավեն Մանուկյանի խոսքերից հասկանալի էր, որ նա կողմ չի եղել վարչական ղեկավարի պաշտոնազրկմանը։ Բողոքի ցույցը դեռ շարունակվում է։

Տեսանյութերը` քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829