Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը.
«Ադրբեջանի այս քայլը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ադրբեջանական վարչակարգը խորապես արհամարհում է եվրոպական ինչպես մարդասիրական, այնպես էլ իրավական արժեհամակարգը։ Իր ներքին և արտաքին քաղաքականության հակահումանիստական տրամաբանությունն ու գաղափարախոսությունը վերանայելու, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման փաստը հրապարակավ ընդունելու և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատելու փոխարեն Ադրբեջանը ձեռնոց է նետում համաշխարհային իրավարարությանն ու քաղաքակրթական արժեքներին՝ զարգացնելով ծայրահեղ ազգայնամոլական ագրեսիվ գաղափարախոսության վերարտադրման բարենպաստ պայմաններ չդիտարկվող, բայց կանխատեսելի ու թատերականացված ընտրությունների շնորհիվ։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի համոզված ապակառուցողականությունը և կոչ անում եվրոպական համայնքին հաշվի առնել, թե ԵԽԽՎ պատգամավորի հետ նման կերպ վարված վարչակարգը ինչպես կարող է վարվել հասարակ քաղաքացիների, մասնավորապես անզեն հայկական քաղաքացիական բնակչության հետ»: