«Այսօր այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների, այդ թվում՝ ինձ»,-Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
«Ո՞րն է այս որոշման իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումը: ՔՊ-ից ասում են՝ օրենքի համաձայն, եթե նիստերի կեսից ավելիին չի մասնակցել, կարող է հեռացվել: Ուշադրություն ձեւակերպմանը՝ «կարող է հեռացվել»։ Այսինքն՝ կարող է եւ չհեռացվել: Բա, որ այդպես հայեցողության հարց է, ինչո՞ւ նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով նիստերին չէին մասնակցում: Որովհետեւ ձեր դեմ դուրս չէի՞ն գալիս: Գիտե՞ք ում եք հեռացրել անցած գումարման ժամանակ՝ Լուսինե Մխոյանին՝ հղի կնոջը ու միայն այն բանի համար, որ երբ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ: Այ էս եք դուք: Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ օրենք, բան, բացակայություն, սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող է մտածում եք՝ դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։
Էս էլ որերորդ անգամ է՝ արհամարհում եք ժողովրդի կամքը, երեւանցիների տված քվեն։ Բացի դրանից, Երեւանի ավագանու աշխատանքը հասարակական հիմունքների վրա է, ավագանու անդամը աշխատավարձ չի ստանում, ես ոչ մի լումա պետությունից չեմ ստանում, բայց դա չի նշանակում, որ չեմ ստանում, դրա համար չեմ գալիս։
Կարդացեք նաև
Նիստին գալը ավագանու անդամի աշխատանքի հազիվ տասը տոկոսն է։ Աշխատանքի առյուծի բաժինը արվում է այս դահլիճից դուրս։ Ես մասնակցում եմ մեր խմբակցության բոլոր նիստերին, գործընկերներիս հետ նախագծեր եմ մշակում, մարդկանց հետ ենք հանդիպում, հանրային քննարկումներ ենք կազմակերպում, հետաքննություններ ենք անում եւ այլն։ Անում ենք այն, ինչ պետք է անի նորմալ, գործունյա ավագանին։ Դա գիտակցված որոշում է, իմ քաղաքական դիրքորոշումն է, որովհետեւ միայն նիստին չգալու եւ քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։ Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետեւ իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավել են, բայց իրենք ավել չեն, իրենք փոքրամասնություն են։ Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ Պարզ ասած՝ չեմ եկել, որ չմասնակցեմ ՔՊ-ի բերած նախագծերի ընդունմանը, որ կարմիր գծերի 160 հազար դրամ սարքելու խայտառակ որոշմանը չմասնակցեմ, չեմ եկել, որ ինագուրացիայի 87 միլիոնը ծախսելու որոշմանը չմասնակցեմ, օղակաձեւ այգու 4-րդ մասը չբետոնապատեն, որ տրանսպորտի գները չթանկացնեն, որ ասֆալտի վրա միլիարդավոր դրամներ ծախսելու ու քաղաքը փոսերի մեջ թողնելու մասին որոշմանը չմասնակցեմ։ Դուք տեսե՞լ եք քաղաքի վիճակը, էսպիսի վիճակ վերջին անգամ 90-ականներին ենք տեսել։ Մարդիկ ինձ մոտենում, ասում են՝ էս ի՞նչ վիճակ է»։
Ավագանու ՔՊ խմբակցության անդամներից մեկը տեղից արձագանքեց՝ ձեր թողածն է, ձեր հազար հատ շինթույլտվություններն են։
Մարությանը շարունակեց․ «Ասում եմ՝ ժողովուրդ ջան, բայց ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը։ Խնդրում եմ նամակ, մեյլ գրել քաղաքապետարանին, անունն էլ Սիսի դրեք, որ տեսնեն»։
Մարությանը պնդեց՝ արվում է շատ կոնկրետ նպատակով՝ զրկել ընդդիմությանը պայքարի եւս մեկ հարթակից։
«Եթե դուք չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, ձեզ համար ապագայում նույնպես բան չի փոխվի, դուք կշարունակեք չգալ»,-արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ