Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ալիևը որոշեց վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնել, ինչ ազդեցություն այն կթողնի Երևանի հետ բանակցությունների վրա. քննարկում են վերլուծաբանները

Փետրվար 07,2024 12:04

«Ամերիկայի ձայն». Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման ամենից հավանական պատճառը երկրի նախագահ Ալիևի աննախադեպ լեգիտիմության ամրապնդումն է, որի հիմքում նրա «հաղթանակներն են»՝ պնդում է բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը՝ վերլուծական հաստատության կայքէջում լույս տեսած իր հրապարակմամբ: Նա ընդգծում է՝ «կասկածից վեր է, որ նախագահ Ալիևը երբևէ վայելել է այսչափ ժողովրդականություն»:

Ինքը՝ նախագահ Ալիևը, վաղաժամ ընտրությունների անցկացումը բացատրել է երեք հիմնական գործոններով: Հունվարի 10-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում հաղթանակը սկիզբ է դրել Ադրբեջանում «նոր դարաշրջանի», հետխորհրդային Ադրբեջանում առաջին անգամ ընտրություններ կանցկացվեն Ղարաբաղում և այս ընտրությունները կամփոփեն իր կառավարման 20 տարին:

Հրապարակման մեջ Լորենս Բրոյերսը պնդում է. «Եթե Ադրբեջանը կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները՝ ներկայում քննարկվող խաղաղ համաձայնագրի միջոցով, ապա դա կնշանակի երեք տասնամյակների քաղաքական ռազմավարության ավարտ, որը համախմբել էր ադրբեջանական հասարակությանը՝ հակամարտության շուրջ: Այս ռազմավարությունը մեծապես թույլ էր տալիս ճնշել այլակարծությունը և դրանով բացատրել բարեփոխումների ձգձգումը»:

Ըստ վերլուծաբանի, նման տրամաբանությունն այլևս կորցրել է իմաստը՝ Բաքվի կողմից Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատումից ու ռազմական առումով Հայաստանը «չեզոքացնելուց» հետո: Առանց Հայաստանի հետ թշնամանքի և ինքնիշխանության հարցում սկզբունքային խնդիրների, Ադրբեջանի հասարակական-քաղաքական դաշտում նոր գաղափարներն անխուսափելի են՝ ընդգծում է Բրոյերսը։

Հարավային Կովկասի երկրներում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ, վերլուծաբան Մարսել Ռոյթիխը վերջերս հրապարակած իր հոդվածում ևս շեշտում է․ «Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններն առաջին հերթին ուղղված են գործող նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդմանը»։ Վերլուծաբանի խոսքով, նման կերպ Ալիևը խուսափում է ընտրություններ անցկացնել այնպիսի իրավիճակում, երբ կարող են ի հայտ գալ տնտեսական դժվարություններ:

Ռոյթիխի համար նույնպես ակնհայտ է՝ Ադրբեջանի տեսանկյունից իրավիճակը Ղարաբաղի շուրջ հիմնականում «հանգուցալուծված է», բայց եթե Հայաստանի՝ որպես արտաքին թշնամու կերպարը վերանա, ապա «վտանգ կա, որ մարդիկ կսկսեն մտածել այլ քաղաքական խնդիրների մասին»։

Իսկ խնդիրներն ակնհայտ են: Վերլուծաբան Ջոշուա Կուցերան, «RFE/RL»-ում անդրադառնալով Ադրբեջանի արտահերթ ընտրություններին, գրում է. «Պարզ չէ, թե որքան ժամանակ հաղթանակի էյֆորիան կշեղի երկիրը լճացած տնտեսության և աճող սոցիալական խնդիրներից. ըստ Համաշխարհային բանկի, համախառն ներքին արդյունքը 2023 թվականի առաջին 11 ամիսներին [Ադրբեջանում] աճել է ընդամենը 0,8%»:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ևս կարևորեց տնտեսական ու սոցիալական հնարավոր դժգոհության գործոնները, թե ինչու են Բաքվում որոշել անցկացնել վաղաժամ ընտրություններ. «Ադրբեջանն այս ընտրություններն անցկացնում է 2023 թվականին տեղի ունեցածի նկատմամբ հասարակական ուժեղ աջակցության ներքո: Միևնույն ժամանակ, Ադրբեջանում աճում է դժգոհությունը սոցիալական իրավիճակի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների ու առաջնորդների ձերբակալությունների պատճառով»:

Ըստ նախկին դեսպանի, այս ընթացքում Ադրբեջանում իշխանությունների մտահոգությունն է լինելու «նախագահ Ալիևին և նրա ռեժիմը զերծ պահել որևէ ընդդիմությունից», որն էլ իր ազդեցությունը կարող է թողնել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա:

«Կարծում եմ, դա շատ ավելի կդժվարացնի փոխզիջումները։ Դա կարող ենք տեսնել տրանսպորտային միջանցքների, սահմանների, ականազերծման հարցերի շուրջ քննարկումներում»,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է կապված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի հետ՝ պնդելով, թե չի կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

Ըստ նախկին դեսպանի, խաղաղության հարցում հոռետեսության համար առկա են նաև այլ պատճառներ, այդ թվում՝ «բանակցային հարթակներում»՝ ԱՄՆ-ում, Եվրամիությունում ու Ռուսաստանում սպասվող ընտրություններն ու այլ միջազգային ճգնաժամերը․ «Չեմ հավատում, որ խաղաղության համաձայնագրի հարցում լինի որևէ իրական առաջընթաց: Ունենք ընտրություններով զբաղված Եվրամիություն, ընտրություններով և այլ ճգնաժամերով զբաղված ԱՄՆ, ինչպես նաև Ռուսաստան, որը, վստահաբար, մտադիր չէ կորցնել իր դիրքերը Հարավային Կովկասում»:

Այս փուլում կողմերի միջև խաղաղության հաստատման հարցում, սակայն, լավատես է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով կարևորում է, հատկապես, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանձնառությունը խաղաղության հաստատման հարցում:

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում, սակայն, նա մտահոգություն է հայտնել Մոսկվայի հնարավոր բացասական դերի վերաբերյալ՝ ուղղված խաղաղ գործընթացը խափանելուն: Հոգլանդի խոսքով, Կրեմլը չի ցանկանում, որ կողմերը հասնեն խաղաղ պայմանագրի կնքմանը, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը միջոց է Ռուսաստանի համար՝ իր ազդեցության տակ պահելու Երևանն ու Բաքուն:

«Իմ մտահոգությունն այն է, որ երբ գործը հասնի իրական խաղաղության պայմանագրին, որը պետք է ստորագրվի և գործի դրվի, Ռուսաստանը քայլեր կձեռնարի դրա դեմ»,- ասում է Հոգլանդը՝ միաժամանակ ողջունելով ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և Վաշինգտոնի գործառույթը համարելով կողմերին հանդիպման հարթակ տրամադրելը:

«ԱՄՆ-ն այժմ ճիշտ է գործում, որ ուղղակի հարթակ է տրամադրում Փաշինյանին ու Ալիևին՝ միջազգային մեծ հարթակ ապահովելով այս գործընթացի համար: Սակայն [Վաշիգտոնը] չի կարող որևէ բան պարտադրել այս կամ այն կողմին, քանի որ կողմերն իրենք պետք է հասնեն [համաձայնության]: Ուստի, Միացյալ Նահանգները աջակցող դեր է ստանձնել և չի կարող պայմաններ թելադրել»,- նշում է Հոգլանդը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829