Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր նախընտրական քարոզարշավին շատ լուրջ ֆինանսական չարաշահումներ են եղել․ դա լեգիտիմությունից զրկում է ՔՊ-ի ավագանու անդամների լիազորությունները․ հենց դուք պետք է մանդատազրկվեք»․ Գրիգորյան

Փետրվար 07,2024 11:34

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Երբ քննարկվում էր Նարինե Հայրապետյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, նիստին մասնակցում էին ավագանու 35 անդամներ, «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները բացակայում էին, «Հանրային ձայնից» երկու անդամ է մասնակցում։

Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցի զեկուցման ժամանակ «Ազգային առաջընթաց»-ի անդամները, այդ թվում՝ Հայկ Մարությանը միացան նիստին։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները նույնպես միացան նիստին։

An extraordinary session of the Council of Elders of Yerevan was convened at the Yerevan City Hall

Ըստ հարցը զեկուցողի՝ ՔՊ-ից Արմեն Գալջյանի, Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում (2023 թվական) տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, Հայկ Մարությանը մասնակցել է զրո քվեարկությունների, այսինքն՝ նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երեւանի քաղաքապետարան չեն ներկայացվել:

Մարությանը, ըստ Գալջյանի, Երեւան քաղաքի մասին ՏԻՄ օրենքով՝ որպես ավագանու անդամ, պարտավոր է մասնակցել նիստերին, որը չի կատարել, պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստերին, որը նույնպես չի կատարել, պարտավոր է իրականացնել բնակիչների ընդունելություն, որը նույնպես տեղի չի ունեցել։

«Ձեզ իրոք թվում է, որ ընդդիմությանը լռեցնելով եւ մանդատներից զրկելով դուք կարողանալու եք կրկին անգամ հանրությանը շեղել այն կարեւոր մարտահրավերներից, որոնք Հայաստանն ունի»,-իր ելույթում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց կուսակցություն» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

Գրիգորյանը դիմելով իշխող ուժին, ասաց․ «Դուք բոլորդ լավ տեղյակ եք, որ վերջերս հրապարակվեց մի նյութ, որտեղ մանրամասն ներկայացվեց, թե 2023-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչպիսի քաղաքական կոռուպցիայի դրսեւորումներ են տեղի ունեցել, ինչպիսի կարուսել է գործել ՔՊ-ական պատգամավորին պատկանող բանկում, որտեղ քաղաքացիները, որոնք անտեղյակ են եղել 2,5 մլն դրամներ են վճարել նախընտրական հիմնադրամին: Այս ամենը թողած՝ դուք թանկացնում եք տրանսպորտը, կարմիր գծերը, ու եկել եք ավագանիում ուզում եք լուծել մանդատների հարցը: Զեկուցողը խոսում է, որ քաղաքական բոյկոտը ընդունելի ձեւ է, որը կատարվում է, բայց ձեր իսկ ընդունած կանոնակարգը չի նախատեսում քաղաքական բոյկոտը որպես հարգելի պատճառ: Այսինքն, նման թերի իրավական ընթացակարգերի դեպքում դուք ո՞նց եք պատկերացնում քաղաքական պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր գործիչներին, այն բանի համար, որ իրենք բացահայտում են ձեր իսկ կատարած չարաշահումները: Նյութը ներկայացնում է, թե քանի քաղաքացի, որոնք 2,5 մլն դրամի նվիրատվություն էին արել ՔՊ-ին, տեղյակ էլ չէին, թե ինչի տակ են ստորագրել։ Դա ամբողջությամբ լեգիտիմությունից զրկում է ՔՊ-ի ավագանու անդամների լիազորությունները։ Եթե դուք պետք է մանդատազրկեք ինչ-որ մեկին, դա հենց դուք եք, որովհետեւ ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ են տրվել շատ լուրջ ֆինանսական չարաշահումներ: Դրա արդյունքում լուրջ կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը։ Ինչպե՞ս կարող եք դուք աչք փակել այն ամենի վրա, ինչ երկրում տեղի է ունենում, եւ այդքանից հետո գալ ու այստեղ ներկայացնել այս ամոթալի նախագիծը»։

An extraordinary session of the Council of Elders of Yerevan was convened at the Yerevan City Hall

Ի պատասխան Գրիգորյանի ելույթի, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մի ճշտում՝ բոյկոտային տրամաբանությունն օրենքի մեջ կա, ուղղակի դրան չափ կա, որը հստակ օրենքում ներդրված է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ․ Գ․ Հայկ Մարությանը զրկվեց մանդատից։Նրան մանդատից զրկելուն կողմ է քվեարկել ավագանու 34 անդամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829