Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ
– Սահմանադրության փոփոխության մասին է խոսում Փաշինյանը։ Դա թուրք–ադրբեջանական տանդեմի՞ առաջ քաշած օրակարգն է, թե՞ ԱՄՆ–ն էլ դեր ունի։
– Դա թուրք-ադրբեջանական օրակարգ է, որին գործող կառավարության ղեկին նստած անձը վաղուց է համաձայնություն տվել, ուղղակի դա ժամանակին իրականացնել չի ստացվել: Հիմա քանի որ բանակցային գործընթացն արեւմտյան հարթակում տապալվել է փաստացի, տապալման մեղքն ադրբեջանական կողմը չի ուզում իր վրա վերցնել եւ հերթական պահանջն է առաջ բերում, որոնք ե՛ւ ժամանակատար են, ե՛ւ հանրային առումով բավականին ցավոտ ու նվաստացնող։ Այդ պահանջները դրվում են, գործող իշխանություններն էլ, որպեսզի չդառնան բանակցային գործընթացի տապալողի մեղքի փաստացի կրողը, իրականացնում են։ Բերված թեզերը գործող իշխանության ղեկին նստած անձի կողմից կեղծ են, շինծու են, եթե որեւէ հավակնություններ կան ինչ-որ մեկի տարածքային ամբողջականության հանդեպ, ապա առաջին հերթին պիտի խոսենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության մասին, որովհետեւ այն հղում է անում իրենց առաջին հանրապետությանը, որն Ազգերի լիգայի կողմից ճանաչված չի եղել եւ ճանաչված չի եղել հենց այն պատճառով, որ հավակնություններ է ունեցել այն տարածքների հանդեպ, որոնք իրենց վերահսկողության տակ չեն եղել։
– Ստացվում է, որ ԱՄՆ–ի համար նշանակություն չունի` Հայաստան կմնա, թե ոչ, կարեւորը ՌԴ–ի՝ տարածաշրջանից հեռացումն է։
Կարդացեք նաև
– Արեւմուտքի գլխավոր նպատակը Հարավային Կովկասի, Միջին Ասիայի ամբողջ ռեսուրսային գոտուն տիրապետելն է եւ նեոգաղութացման քաղաքականության հիմքով իրենց վերահսկողությունը հաստատելը։ Դրան հասնելու համար նրանք պետք է Ռուսաստանին այստեղից հանեն, Իրանի ազդեցությունը չեզոքացնեն։ Այս գունավոր հեղափոխությունների շարքը հենց դրան էլ միտված է եղել, սակայն զարգացումներն իրենց ակնկալած հունով չեն գնացել։ Այսինքն՝ այն ծրագիրը, որով իրենք առաջնորդվում էին, իրենց ակնկալած ժամկետներում եւ ձեւով չի իրականացել։ Եթե իրենց ակնկալածով լիներ, ապա մենք Արցախը կորցրած կլինեինք դեռեւս 2020-ին, եւ Հայաստանը լիակատար կապիտուլյացիայի սկզբունքներով հանձնված կլիներ ադրբեջանա-թուրքական տանդեմին, քանի որ արեւմտյան կողմի համար առավել ընդունելի է թուրքական գերիշխանությունն այս տարածաշրջանում թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ունեցած տնտեսական-ֆինանսական ազդեցությամբ, թե՛ Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ լինելու հանգամանքից ելնելով։ Նրանց ավելի ձեռնտու է այդ ուժերի ուժեղացումը։ Սակայն դա իրականություն չի դարձել Սյունիքի հանդեպ գործողություններ չիրականացնելու եւ Իրանի կողմից այդ հստակ քաղաքականության ու ռուսական կողմից սադրանքների չգնալու արդյունքում: Բայց այս ամբողջը դեռեւս շարունակվում է, ցավոք սրտի, քանի որ մեր իշխանության ղեկին նստած է մի խումբ, որն այդ հանձնառություններով է եկել։ Այսօր նրանց հեռանալն անհնարին է՝ չի կարող լինել մինչեւ իրենց հանձնառությունների լիակատար իրականացումը, եւ նաեւ իրենք իրենց կյանքի հանդեպ վախ ունեն։ Ծրագրի ամբողջական իրականացումից հետո դեռ հարցական է՝ նրանցից քանիսը ողջ կմնա՝ հենց նույն արեւմտյան ուժերի ծրագրերը չբացահայտելու համար։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: