Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ միայն հետընթաց է, սա ոստիկանական համակարգի ամրագրում է»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 07,2024 11:00

«Դրական դրույթների հետ միասին՝ նախագծում կան բացասական դրույթներ։ Երկու հոդված, որոնք անմիջականորեն առնչվում են քաղաքացիների ազատ հավաքների, խոսքի ազատությանը, նրանց կարծիքն արտահայտելու միջոցառումների հետ, ուղղակիորեն տարվում է դեպի ոստիկանապետական համակարգ»,- ԱԺ նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1 հոդվածը հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգի խախտումն է արձանագրում։ Եվ այստեղ թվարկված 18 գործողություններ ենթակա են վարչական պատասխանատվության։ «Բայց այս վարչական պատասխանատվությունները նախատեսվում են իրավասու մարմինների, հիմնականում ՏԻՄ-երի կողմից պատասխանատվության կիրառման դեպքում դիմել դատարան եւ սուբյեկտներին ենթարկել վարչական պատասխանատվության։ Նրանք, որպես կանոն, դա անում են կամ ոստիկանության կողմից կազմված արձանագրությունների հիման վրա, կամ հենց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմված արձանագրությունների հիման վրա։ Հանվում է այս կարգավորումը, տրվում է ոստիկանության իրավասություն՝ ոչ միայն արգելելու հավաքները, կանգնեցնելու հավաքը, այլ նաեւ տեղում արձանագրելու ու վարչական պատասխանատվության ենթարկելու անձանց։ Դրանից հետո ասում է՝ անձ, եթե դու վիճարկում ես ոստիկանության՝ քեզ տուգանելու մասին գործողությունը, մուծում ես, օրինակ, 50 հազար դրամի դեպքում 7-8 հազար դրամ, որպեսզի գնաս ու պաշտպանես քո իրավունքը դատարանում, որպեսզի ցույց տաս, որ դու իրավունք ունեիր խոսքի ազատության շրջանակներում բարձրաձայնել այդ հարցը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկրորդ դրույթը վերաբերում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելուն։ Ըստ Մինասյանի՝ հայտնի է, որ ոստիկանությունը օրինական պահանջի տակ ձեւակերպում է ցանկացած հայտարարություն եւ այդ օրենքով ունի իրավասություն՝ կիրառելու հարկադրանքի միջոց՝ բերման ենթարկելու եւ այլն։

«Զուգահեռաբար հիմա տալիս ենք իրավասություն, որ մի հատ էլ կարաս տուգանես։ Եվ որպեսզի այդ տուգանքի մատերիալ քաղաքացին կարողանա իր իրավունքը պաշտպանել, մի հատ էլ լրացուցիչ գումար պետք է մուծի, որ գնա դատարանում ապացուցի, որ ոստիկանն օրինական պահանջ չի ներկայացրել կամ անգամ եթե ներկայացրել է, իր գործողություններում եղել է իրավաչափ վարքագիծ։ Սա ոչ միայն հետընթաց է, սա ոստիկանական համակարգի ամրագրում է։ Հորդորում եմ հետ կանգնել այս մոտեցումից»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց, որ դատական հայցեր ներկայացնելու տուրքերն անհամաչափ մեծացել են, որի արդյունքում խաթարվել է արդար դատաքննության մատչելիության հնարավորությունն ու իրավունքները։ «Դուք սրանով ոչ թե թեթեւացնում եք վարչական դատարանի գործառույթները, դուք պարզապես քաղաքացիներին մղում եք այլ դիրքորոշման՝ սսկվեք, լռեք, նստեք տեղներդ, չշարժվեք։ Հետեւաբար, այս երկու հոդվածներով սխալ ընթացք է հաղորդված, երբ ՆԳՆ ոստիկանությանը տրված է իրավունք՝ կիրառելու նաեւ տուգանք։ Ընդ որում, այս տուգանքների չափը հասնում է 300-400 հազար դրամի։ Եվ այնուհետեւ մղեք քաղաքացուն, ասեք՝ դե գնա գումար ճարի, մի հատ էլ փաստաբանական ծախս արա, որ ապացուցես, որ դու ուղտ չես»,- ընդգծեց նա։

Արփինե Սարգսյան

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ նախագծային լուծումները միտված են քաղաքացու համար ավելի պարզեցված ընթացակարգեր նախատեսելուն՝ կապված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետ։ Այսինքն՝ սա ենթադրում է վարչարարության պարզեցում եւ նաեւ դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափում։

«Բնավ քաղաքացու այս կամ այն իրավունքը սահմանափակելու հարց չունենք, որովհետեւ ի վերջո ուժի մեջ է մնում երկու շատ կարեւոր բողոքարկման հնարավորություն՝ վերադաս վարչարարություն եւ եռաստիճան դատական համակարգով հարցի քննարկումն ապահովելու հնարավորությունը»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագծի հիմնական դրույթներն, ասել էր, որ հետեւյալ փոփոխություններն են արվում։ Եթե քաղաքացիները Roadpolice.am հավելվածի միջոցով ներկայացնեն էլեկտրոնային փոստի ընդունելի հասցե, այդ դեպքում վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին ծանուցումը կուղարկվի այդ հասցեին, ինչի արդյունքում ի սկզբանե նախատեսված տուգանքի չափը կզեղչվի 20 տոկոսով: Oրինակ՝ եթե 5000 դրամ էր տուգանքի չափը, էլեկտրոնային հասցեով ստանալու դեպքում տուգանքը կկազմի 4000 դրամ: Այս փոփոխությունը նախատեսվում է ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից: Մեկ այլ փոփոխության համաձայն՝ եթե քաղաքացին ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարի, ապա տուգանքի վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու  դեպքի: Այսինքն՝ սահմանված տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829