Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սահմանադրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի պարտադրանքն է, նաեւ ուրվագծեց, թե կոնկրետ ինչ է ցանկանում փոխել․ պատրաստվում է հրաժարվել ՀՀ հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից։
Իսկ դա նշանակում է, որ կձեւավորվի երկու ճակատ` «Այո»-ի ու «Ոչ»-ի, եւ կսկսվի քարոզչությունը սահմանադրությունն ընդունելու եւ այն մերժելու ուղղությամբ։ Մենք զրուցել ենք մի շարք քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու համար, թե կմիանա՞ն «Ոչ»-ի ճամբարին, եթե հանրաքվե, այնուամենայնիվ, նշանակվի։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Արմեն Խաչատրյանը հարցին, թե ՀԱԿ-ը կմիանա՞ «Ոչ»-ի ճակատին, կամ հնարավո՞ր է, որ հենց ՀԱԿ-ը ձեւավորի փաշինյանական սահմանադրությունը մերժողների ճակատ, պատասխանեց․
«Այն, որ Կոնգրեսը «Ոչ»-ի դիրքերում է, դա միանշանակ է, իսկ մնացած հարցերը` ընթացքում։ Պետք է դիտարկենք դեռ օրենսդրական հնարավորությունները»։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցին` կմիանա՞ն «Ոչ»-ի ճամբարին, ասաց, որ նախատեսվող փոփոխություններն իրենց կուսակցության համար անընդունելի են:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւս ասաց, որ դեմ է Փաշինյանի հայտարարած փոփոխություններին, ավելին՝ նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ «Ասեմ, որ մենք արդեն ձեւավորել ենք սահմանադրական բարեփոխումների հանրային խորհուրդ, շատ քաղաքական ուժեր հավաքվել են, եւ այս պահին աշխատանքներ ենք տանում մյուսներին ներգրավելու համար։ Առաջին գործը Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջն է։ Դա մերկապարանոց չէ, մենք հիմնավորված հանրագիր ենք ուղարկել դատախազին։ Այնպես որ, գործն ավելի լուրջ է, քան Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությանն «այո» կամ «ոչ» ասելը։ Նիկոլ Փաշինյանը գնալու է բանտ»,- ասաց Հայրիկյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: