Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսուփուս կվճարեն 250 դրամ

Փետրվար 07,2024 10:00

Gallup International Association ընկերության վերջին հարցման համաձայն՝ հարցվածների 66,4 տոկոսը չի վստահում Փաշինյանին, եւ, չնայած դրան, ՔՊ-ին ձայն տալու ցանկացողների թիվը, թեեւ ցածր է, բայց էականորեն ավելի է, քան ցանկացած այլ ուժին իրենց համակրանքն արտահայտողների թիվը: Առավել հատկանշական է, որ միայն 13,4 տոկոսն է կարծում, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի: Ի դեպ, հարցումը չի հստակեցնում, թե ո՛ր փոփոխության մասին է խոսքը: Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ խնդիրը Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հիշատակումը հեռացնելն է: Մնացած գլուխներում կարելի է գրել «գեր-ժողովրդավարական նորմեր»: Ստալինյան սահմանադրության մեջ էլ էր շատ բան գրված:

Եկեք հիշենք, թե նախորդ հարցումների ժամանակ ո՞ր տոկոսն էր համաձայն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Բայց Հայաստանի իշխանությունը սուսուփուս համաձայնեց, որ ոչ միայն Արցախը լինի ադրբեջանական տարածք, այլեւ՝ որ այնտեղ ոչ մի հայ չապրի: 90-ից ավելի տոկոս «չհամաձայնվողները» դրա դեմ ընդվզեցի՞ն:

Հիմա եթե հարց լինի՝ համաձա՞յն եք, որ Տիգրանաշենը լինի Ադրբեջանի մաս, քանի՞ տոկոսը դրան դրական պատասխան կտա: Բայց, եթե Փաշինյանն այդ բնակավայրը հանձնի Ադրբեջանին, ի՞նչ է՝ բողոքի ալի՞ք է բարձրանալու:

Խորհուրդ եմ տալիս ընկերաբաններին հաջորդ անգամ հարցնել՝ դուք կո՞ղմ եք, որ տրանսպորտի գինը դառնա, ասենք, 250 դրամ: Դժվար թե՝ «կողմ» քվեարկողների տոկոսը բարձր լինի: Բայց, երբ Երեւանի ավագանին նման որոշում կկայացնի, երիտասարդները դուրս կգա՞ն փողոց՝ «Վճարում ենք 100 դրամ» կարգախոսով, ինչպես որ դա 2013 թվականի ամռանն էր: Ո՛չ, սուսուփուս կվճարեն 250 դրամ:

Պատճառն այն չէ, որ այս իշխանությունները շատ սիրելի են մեր քաղաքացիների համար: Պարզապես նրանց քաղաքացիական, ազգային եւ մարդկային զգացմունքները բթացել են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը 2013–ին ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ցույցերից է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բայց նոյն նիւթը չէ… 2013ին, բողոքը՝ 150 դ գինին դէմ էր: Հիմա՝ այլ գին պիտի լինի, ուրեմն արդէն ուրիշ կացութիւն է:

    Այսինքն ձեւով մը, սա նոյնիսկ յաղթանակն է 2013 ցոյցերին, քանզի վերջիվերջոյ, տրանսպորտի գինը երբեք չի լինելու 150 դ.

  2. Ալֆրեդ says:

    Չի բթացել, ուղղակի կազմակերպիչ և ֆինանսավորող չկա։

  3. Հայ says:

    Ես երբեք չեմ մասնակցել տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին,բայց հիմա կմասնակցեմ, որովհետև ես դեմ եմ ուրիշ հարցերում։
    Բնականաբար մարդիկ այն ժամանակ նույնպես մասնակցել են ցույցերին,հասկանալով,որ նորմալ է,որ տրանսպորտը 10 տարին մեկ գոնե պետք է թանկանա։
    Պատկերացնենք ես հարբեցող եմ և դեմ եմ օղու թանկացմանը,բայց շահավետ չէ դուրս գալ փողոց և բղավել,որ ես խմել եմ ուզում։ Ինձ կմիանա ընդամենը մի քանի ալկոհոլիկ և դրանով ամեն բան կավարտվի,բայց քանի որ ես խելացի հարբեցող եմ, ես իմ ոխը կհանեմ սրանցից ավտոբուսի ուղևորների զայրույթին միանալով։
    Էս կյանքում ամեն ինչ փոխադարձ է,ոչինչ չի մոռացվում,դուք ինձ ցավեցրեցիք,ես ձեզ կցավեցնեմ և շատ ավելի ուժեղ։
    Ո’չ 250 դրամին։
    No pasaran.
    Բոլորը դեպի փողոց։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829