Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Աշխարհում չկա այլ պետության ղեկավար, որն իր ժողովրդի նկատմամբ սպառնալիքի առկայության դեպքում ոչ թե լուծում առաջարկի, այլ տրվի հակառակորդի սպառնալիքներին, դառնա նրանց խոսնակը»

Փետրվար 07,2024 00:01

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում նախորդ շաբաթվա իրադարձություններից որպես արտառոց դրսեւորում նշեց. «Աշխարհում երեւի չկա որեւէ պետության ղեկավար, որ իր –ժողովրդի նկատմամբ սպառնալիքի առկայության դեպքում ներկայացնի այդ սպառնալիքները եւ ոչ թե լուծում առաջարկի` արժանապատիվ, իրավական, արդարացի լուծում, այլ տրվի հակառակորդի սպառնալիքներին: Ավելին, դառնա նրանց խոսնակը:

Տեսեք ինչ է կատարվում: Ինքը 21-րդ դարում հայտարարում է, որ մեր ինքնիշխանությանը, մեր պետությանը, մեր ժողովրդին վտանգ է սպառնում եւ այդ վտանգները հաղթահարելու համար մենք պիտի հակառակորդի բոլոր պահանջները կատարենք: Այսպիսի բան աշխարհում հայտնի չէ: Եթե որեւէ դպրոցական լիներ այդ պաշտոնին եւ զգար, որ իսկապես վտանգ է սպառնում, կդիմեր ժողովրդին եւ կասեր` քանի որ մենք միջազգային իրավունքի ենթակա ենք, տեսնենք աշխարհում կա՞ն մեծ պետություններ, որ պատրաստ են նվազագույնը մեզ այս հարցում օգնել:

Օրինակ, կարող էր դիմել իր դաշնակից Ռուսաստանին եւ ասել, որ ճիշտ է, խաղաղապահների հարցում դուք ձեզ չկարողացաք արդարացնել, բայց այստեղ խոսքը վերաբերում է մեր պետության անվտանգությանը: Գուցե, ժամանակավորապես մեր երկրում տեղադրեք զինվորականների խումբ: Կամ նույնիսկ դիմեր հեռավոր Չինաստանին, Հնդկաստանին, Ամերիկային, աշխարհի բոլոր երկրներին, ասեր` տեսեք, մենք փորձն ունենք. ԵՄ-ն ուղարկեց դիտորդներ եւ դա բավականին փոխեց վիճակը սահմանում: Այսինքն, առայժմ մենք գործ ունենք այնպիսի հիտլերիկի հետ, որը համաշխարհային կարծիքը հաշվի է առնում: Հաջողության հասնելու համար ինչ-որ բան պետք է անես: Էլ չեմ ասում, որ ինչ-որ բան պետք է արդեն արած լինեինք:

Եկեք բոլորս միասին հիշենք, որ 2020 թվականին պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծելու է աշխարհազոր: Բայց դրա համար պետք էին կազմակերպական աշխատանքներ: Զարմանալիորեն ինքը շատ արագ կատարեց այդ աշխատանքները: Մասնավորապես, մարզպետներին կից ստեղծվեցին փոխմարզպետների պաշտոններ, եւ թվում էր` արդեն գտնվում ենք մեր իրավիճակում հայտնված կամ գտնվող ազգերի փորձառության ճանապարհին:

Կարճ ժամանակ անց ինչ-որ ՀԿ ղեկավարներ սկսեցին բողոքել, թե իրենց դուքանը քանդվում է դրանից: Եվ Նիկոլ Փաշինյանը այդպիսի կարեւոր ռազմավարական գործը, որը նշանակում էր, որ Հայաստանը կարող է բացի պաշտոնապես ունեցած իր զինծառայողներից ունենալ առնվազն 200 հազարանոց պահեստազորային համակարգ: Այդ գործը պիտի գլուխ գար: Չարեց: Երեք տարվա ընթացքում այն ինչ սկսել էր դա էլ ոչնչացրեց»,-ասաց Պարույր Հայրիկյանը եւ շատ թափանցիկ ակնարկեց, թե հիմնականում որ ՀԿ-ին ու դրա ղեկավարին նկատի ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829