Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայությունը կվերադառնա՞, կա՞ Արցախ վերադարձի ճանապարհ- 2

Փետրվար 07,2024 13:00

Սկիզբը՝ այստեղ:

Արեւմտահայերի շրջանում անցկացրած հարցումները շարունակվում են:

Հարցման հիմնական թեման արցախցիների վերադարձն է Արցախ, արդյոք, դա հնարավո՞ր է, ինչպե՞ս:

Գէորգ Եազըճեան, հայ գիտնական եւ գործիչ. Արցախցի հայոց ընդամէնը մէկ մասը՝ հազիւ 50 տոկոսը կը վերադառնայ հոն, եթէ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ հոն գտնուին ու երաշխաւորեն անոնց անվտանգութիւնը եւ ԲԱՑԱՌՈՒԻ ատրպէյճանական զինուժի առկայութիւնը Արցախի մէջ: Այս երկու պայմանները, այս պահի դրութեամբ, ֆանտաստիկայի ժանրէն են: Հետեւաբար, այսօրուան դրութեամբ արցախցիներու նոյնիսկ 1 տոկոսը չի վերադառնար իր բնօրրանը:

Դոկտ Ռիչարդ Գույումջյան, լիբանանահայ, Լիբանանի նախկին նախարար, «Լիբանանի ուժեր» կուսակցության արտաքին գործերի բաժնի պատասխանատու.

Այո: Հայաստանի կառավարությունը պետք է հայց կամ հայցապահանջ ներկայացնի եւ դատական գործ հարուցի Հաագայի միջազգային քրեական դատարանում։

Արցախի բնակչության իրավունքները պետք է պահպանվեն եւ պաշտպանվեն օրինական եւ միջազգայնորեն՝ սպասելով նրանց վերադարձին։

Սփյուռքը պետք է բարձրաձայն խոսի, ինչպես նաեւ պետք է արշավ սկսի, մինչեւ միջազգային հանրությունը եւ համաշխարհային հասարակական կարծիքը մոռանան այս հանցագործության մասին։

Եվ Սփյուռքը, եւ Հայաստանի կառավարությունը պետք է շարժվեն եւ կապ հաստատեն, բանակցեն եւ հարցը բարձրացնեն ՄԱԿ-ում, ինչպես նաեւ գերտերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Պուտինի հետ։

Հովիկ Մկրտիչյան – Հայաստանում բնակվող լիբանանահայ. Բարդ է պատասխանելը, ունինք Նախիջեւանի նախադէպը, որ նոյնիսկ սովետական «եղբայրութեան» ժամանակաշրջանին աստիճանաբար պարպուեցաւ հայութենէ։ Արցախի իսպառ հայաթափումը աննախընթաց երեւոյթ է ամբողջ Հայոց պատմութեան մէջ։ 30 տարի ատելութեան եւ անհանդուրժողականութեան սերունդներ դաստիարակուեցան, որուն հիմնաքարը անհամատեղելիութեան փաստն էր երկու կողմերուն համար։ Միջին Արեւելքը ցաւօք հիմա կընթանայ ազգային մշակութային զտման ուղղութեամբ։

Վահէ Հ. Ափելեան, լիբանանահայ. Ոչ, պարզապէս, քանի որ ոմանք կուզեն վերադառնալ, ոմանք՝ ոչ: Նրանք կարող են դիմել, եւ եթե համապատասխանեն, նրանց կտրվի այն, ինչ օրենքը սահմանում է՝ երկիր մուտք գործել, որպես ներգաղթյալ:

Յարութ Գալայճեան, սփիւռքահայ. Արցախցիին պէտք է հարցնել։ Թէեւ ներկայ քաղաքական խառնաշփոթ իրավիճակով շատ դժուար է որոշակի պատասխաններ ստանալ։

Դոկտոր Հակոբ Այնտեբլյան, բժիշկ, բարերար, ազգային գործիչ. Այդ հարցումին պատասխանը ներկայ Հայաստանի վարչակարգը պէտք է տայ, քանի որ իրենք Արցախը պարպել տուին։ Ուստի Հայաստանի վարչակարգէն կախում ունի, թէ Ղարաբաղի ո՞ր մասը ի՞նչ կարգավիճակ կը ստեղծուի եւ այդ հիման վրայ ժողովուրդը կ՝որոշէ վերադսռնալ, թէ Հայաստան մնալ կամ արտագաղթել տարբեր երկիրներ։ Փաշինեանի վարչակարգն է, որ արցախցիները անտուն, անպաշտպան եւ մուրացկան դարձուց։ Նախ Փաշինեանը պէտք է հեռացուի որպէս զի արցախայութիւն տիրութիւն ընող ըլլայ։ Ապազգային վարչակարգով նման հարցադրում աւելի վնաս կը բերէ, քան օգուտ։ Հարցադրումդ պէտք է ըլլայ. 1. Որո՞ւ պէտք է մեղադրել արցախահայութեան ներկայ վիճակին համար։ 2. Ինչո՞ւ չի պատժուիր արցախահայութեան այս վիճակի հասցնողները։ 3. Եթէ Արցախը յանձնելու Ղարաբաղի խորհրդարանի անդամներն են, ինչո՞ւ Հայաստանի վարչակարգը զանոնք չի բանտարկեր։ Եզրակացութիւն – Փաշինեանի վարչակարգը կարգաւորած է Ղարաբաղի պարպումը։

Արա Ս. Կուրազյան, Ազգային-Ժողովրդավարական Բեւեռ, ԱՄՆ Արեւմտյան Ափի Պատասխանատու. Բարի լույս, կվերադառնան, երբ Հայաստանն ներռյալ Արցախը դեօկուպացվի:

Յակոբ Մանուկեան. Կիպրոսի ՀՅԴ Հայ Դատի նեկայացուցիչ. Այո, ոչ թէ մեր ջանքեոու շնորհիւ, այլ որովհետեւ մեր թշնամիները մեծ սխալներ պիտի ընեն:

Պետրոս Հաճեան, ԱՄՆ հայ բլոգեր եւ ակտիվիստ. Ոչ՝ որովհետեւ նրանք իրենց ապահով չեն զգում Ադրբեջանի տիրութեան ներքեւ վերադառնալու համար:

«ՀԱՅԱՍՏԱՆ» հասարակական մշակութային կենտրոն. Հայը Արցախում ադրբեջանական զինուժին ենթակա չի ապրի եւ նրանց բանակում չի ծառայի, խաղաղապահ միջազգային ուժի երաշխավորությամբ հնարավոր է, բայց տեսանելի չէ։

Շ. Մանկասարեան, Radio AYK. Խօսքը արցախցի հայերու վերադարձի մասին է, իսկ մենք սփիւռքահայերս կը դժուարանանք պատասխանելու արցախահայի վերադարձի մասին: Դարաւոր հայոց պատմութեան իրողութիւններու վրայ նոյնիսկ հենուելով, կարելի չէ ենթադրութիւն կատարել, ականատես ըլլալով տարածաշրջանի մէջ քաղաքական անորոշ վիճակի վերիվայրումները եւ տակաւին Միջին Արեւելքի անկայունութիւնը տարակուսանքի կը մատնէ սփիւռքի, թէ հայրենի հայերուս համար: Այսօր, նոյնիսկ սփիւռքի արաբական գաղութներու հայերը, ոչ բոլորը անշուշտ, կը ձգտին գաղթել աւելի ապահով երկիրներ: Արցախահայու վերադարձը էականապէս որոշումն է արցախցի հայուն ի մտի ունենալով, ինչպիսի՞ անվտանգութեան երաշխիքներ պիտի լինեն իր Արցախ վերադառնալուն հետ կապուած:

Ռուբէն Յովակիմեան, գրող, ճարտարագէտ. Պետրոս Մանուկեանի հարցադումը բովանդակալից շատ լայն է հարցումներ է առաջացնում, քանզի ուղղակի պատասխանը կապուած է արցախցիների կամքիս եւ ցանկութիւնից, որ միատեսակ չէ. մինչդեռ իրաւական տեսակով կարելի է ենթադրել, որ ԱՅՈ, պէտք է վերադառնան իրենց օրրանը, պայմանով, որ Բաքուն հաստատուն երաշխիքներ ապահովի նրանց ապահովութեան համար: Այլ կերպ դրսի միջամտութեամբ ոչինչ չի լինի, իսկ ՀՀ անկարող է՝ միջոց չունի, այն հնարաւոր էր օրինական դաշտ բերել 1994-ին, այսօր վիճակը տարբեր է, իսկ բերադառնալ չցանկացողների պարագային ենթադրելի է օտարամոլութիւն եւ Ալիեւի բռնապետութեան վստահութեան առկայութիւնը՝ փաստըմ:

Նաթան Պետրոսյան, ավստրալահայ, անկախ հետազօտող. Ներկայ պայմանները նկատի առնելով, ուր նախ Արցախը բռնագրաւուած է ամբողջատիրական համակարգի մը կողմէ, որուն պաշտօնական քաղաքականութիւնը ցեղասպանական է (արդէն արցախահայութիւնը ականատէս եղաւ անոնց բռնի տեղահանման ծրագրին), անկարելի է, որ արցախահայութիւնը վերադառնայ իր տուները:

Պատրաստեց Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829