Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի փափագը կատարվել է

Փետրվար 07,2024 12:30

Աշխարհի ցանկացած երկրի մայրաքաղաքում եւ մեծ քաղաքներում  սիմֆոնիկ նվագախմբի առկայությունը կամա թե ակամա, գիտակցական թե զգացական մակարդակներում միանգամից խոսում է այն մասին, որ այդ երկիրը համաքայլ է համաշխարհային մշակույթին եւ անկասկած կարող է դասվել զարգացած երկրների թվին։ Օրինակ՝ Գերմանիայում գործում է շուրջ 130 սիմֆոնիկ նվագախումբ, որոնք ունեն տարբեր պատկանելություն՝ քաղաքային, ֆիլհարմոնիկ, ռադիո-հեռուստատեսության, պետական եւ այլն։ ԱՄՆ-ում գրեթե բոլոր մեծ քաղաքներում գործում է սիմֆոնիկ նվագախումբ՝ Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Չիկագոյի եւ այլն։ Սիմֆոնիկ նվագախմբերի մասին կարելի է անվերջ ու անսահման, մեկը մյուսից հետաքրքիր տվյալներ ու պատմություններ ներկայացնել։ Այսպես՝ 2016թ. Ֆրանկֆուրտի ստադիոնում կայացել է համերգ 7500 երաժշտից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբով։ Իսկ առաջին անգամ նվագախմբի մեծ կազմով՝ 7200 երաժիշտ, համերգ տեղի է ունեցել 2013թ., Ավստրիայի Բրիսբեն քաղաքում։ Գանք Երեւան. շտապենք աչքալուսանք տալ երեւանցիներին նոր մեծ մշակութային երեւույթի առիթով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին կկայանա նորաստեղծ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրժորն է Էդուարդ Թոփչյանը։ Դեռեւս 2023թ. աշնանը Երեւանի քաղաքապետարանից ստացված մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ այդ նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական եւ արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտի ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողի։ Նշված էր նաեւ, որ նվագախմբի գործունեությունը խթանելու նպատակով նախագծում ընդգրկված աշակերտները կազատվեն դպրոցների ուսման վարձավճարներից, մանկավարժներին էլ արտաժամյա պարապմունքներ իրականացնելու համար միջոցներ կհատկացվեն։ Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն նաեւ երաժշտական գործիքներ, ինչն իր հերթին կթեթեւացնի մասնակիցների սոցիալական բեռը։

Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու անհրաժեշտության մասին վաղուց էր խոսվում։ Երբ Երեւանի քաղաքապետարանը ազգային օպերային թատրոնի մասնակցությամբ 2023թ. ամռանը Թումոյի այգում իրականացրեց Խաչատրյանի բալետների, իսկ հետո՝ համաշխարհային եւ մեր օպերային աստղերի հետ գալա համերգ, Մոսկվայում անցկացվում էր պատանեկան սիմֆոնիկ նվագախմբերի համաշխարհային փառատոն։ Մասնակցում էին ոչ միայն Ռուսաստանի խոշոր քաղաքների, այլ նաեւ արտասահմանյան նվագախմբեր։ Իսկ թե ինչու է անհրաժեշտ պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալը, վստահ ենք, առանձնակի բացատրության կարիք չկա։


Մեզ հետ զրույցում մաեստրո Թոփչյանը կարեւորելով նման նվագախումբ ունենալը, ասաց, որ նվագախմբի ստեղծումը քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի փափագն էր, իր նախաձեռնությունն ու մեծ ցանկությունը. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհակալ եմ այդ նախաձեռնությանը ընթացք տալու համար։ Իսկ Գոշ Սարգսյանը լավ իմաստով անհամբեր մարդ է, իսկական երաժշտասեր, դասական երաժշտարվեստի ոլորտում տեղեկացված է, լավ գիտի՝ ինչ է կատարվում աշխարհում… Արդեն բանակցություններ ենք վարում աշխարհի լավագույն երաժիշտների հետ, որոնք ամենամոտ ապագայում հանդես կգան «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ եւ, ինչու ոչ՝ կվարեն նաեւ վարպետության դասընթացներ»։

Հետաքրքրությանը՝ պատանեկանը միայն ի՞նքն է ղեկավարելու, մաեստրոն հավաստիացրեց, որ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնեն նաեւ երիտասարդ երաժիշտներ Ներսես Մկրտչյանն ու Դավիթ Մարուխյանը, հավաստիացրեց, թե նվագախումբը հանդես կգա նաեւ մարզերում։ Նվագախմբի կայանալիք առաջին համերգի ծրագրում հնչելու են Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը եւ Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան։ Մեր դիտարկմամբ՝ մաեստրոն երբեւէ չի ղեկավարել այդ սիմֆոնիան։ Հաստատելով ասվածը, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Ինչո՞ւ միայն Շուբերտի այդ սիմֆոնիան չեմ ղեկավարել, որովհետեւ պատանեկան տարիներին լսելով այն Կառլոս Կլայբերնի ղեկավարությամբ, աննկարագրելի, անասելի տպավորված եմ եղել այդ մեկնաբանությամբ։ Ես խնդիր չեմ դրել, որ նվագախմբի առաջին համերգից պետք է սպասել, այսպես ասած՝ էտալոնային կատարում։ Սկզբի համար նշաձող ենք սահմանել, եթե պարզ ու ընկալելի ասեմ՝ պատանիներից նվագախմբի երաժիշտներ դաստիարակելը, մոտիվացնել նրանց մոտ նվագախմբային հնչողության կուլտուրան եւ այլն, եւ այլն։ Նշեմ նաեւ, որ պատանիների հետ աշխատում են նաեւ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի տարբեր խմբերի կոնցերտմայստերները եւս։ Կարճ ասած՝ եւ Գոշ Սարգսյանը, եւ ես ի սկզբանե ավելի քան լուրջ ենք վերաբերվում այս ամենին»։ Մեր զրուցակցին հիշեցրինք, որ քաղաքապետարանի ենթակայությամբ պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու գաղափարի մասին ինքը կիսվել էր մեզ հետ տարիներ առաջ։ Այդ առիթով մաեստրոն ընդամենն ասաց. «Մարդիկ, ովքեր պետք է կանգնեին այս գործի թիկունքին, չարեցին դա, սա՝ առաջին, մյուս կողմից՝ պանդեմիան խանգարեց»։ Հիշեցրինք նաեւ, թե դարձյալ տարիներ առաջ ասել էր, որ երազում է երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ ունենալու մասին։ «Չեմ թաքցնի. ժամանակին նման ծրագիր ներկայացրել եմ ԿԳՄՍ նախարարին եւ դարձյալ չեմ թաքցնի, որ ցանկություն ունեմ այդ առիթով կրկին հանդիպել տիկին Ժաննա Անդրեասյանին»։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ մի նոր նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոն է՞լ է ակնկալում, Էդուարդ Թոփչյանը հիշեցնելով 2023թ. իր ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի համաշխարհային շրջագայությունը, նշեց, որ ժամանակի առումով դա անհնար է, ավելացրեց. «Բայց գուցե ստանձնեմ նվագախմբի գեղարվեստական խորհրդատուի դերը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի փորձերից։

«Առավոտ» օրաթերթ
06.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քթի մազ says:

    Ավստրիայի Բրիսբեն քաղաքու՞մ, թե՞ Ավստրալիայի Զալցբուրգում էր։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829