Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է հունից հանում Ալիեւին

Փետրվար 07,2024 12:00

Թուրքիային, Ադրբեջանին ու Ռուսաստանին եվրոպացիները սկսել են նույն մակարդակի վրա դիտարկել

Եվրոպացի պաշտոնյաների, պատգամավորների կողմից ցուցաբերվող քաղաքական չեզոքությունը Թուրքիայից` աշխարհաքաղաքական, Ադրբեջանից` էներգետիկ կախվածության պատճառներով, արտահայտման տարբեր ձեւերով, մշտապես քննարկումների տեղիք է տվել: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել նաեւ, որ քիչ չեն այն դեպքերը, երբ Արեւմուտքում ցույց են տվել, որ գիտեն, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում Էրդողանի եւ Ալիեւի ռեժիմները:

Հիմք ընդունելով վերջերս որոշակի տրամադրություններ, նկատելի է, որ Արեւմուտքից սկսել են ավելի ու ավելի հաճախ հնչել քննադատություններ Ադրբեջանի ուղղությամբ: Ամենածանրակշիռ պատճառն, ըստ ամենայնի` Պուտինի ու Ալիեւի միջեւ խորը վստահության մակարդակն ու ռուս-ադրբեջանական խորացող ռազմավարական հարաբերություններն են:

Ադրբեջանը գնում է ավտոկրատ Ռուսաստանի եւ Բելառուսի հետքերով, «X»-ի իր միկրոբլոգում օրեր առաջ գրել էր Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ որոշումը՝ չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ «Դա հիասթափեցնող է եւ տխուր: Սա վարքագիծ է, որը սպասելի չէ մի երկրից, որ ցանկանում է լինել ԵՄ «վստահելի տնտեսական գործընկերը»,-նշել էր Կալյուրանդը:

ԵԽԽՎ-ում վերջերս ուշագրավ գնահատական հնչեցրեց Կոնստանտինոս Էֆստատիուն (Կիպրոս), որը Եվրոպայում կալանավայրերում համակարգային խոշտանգումների եւ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին բանաձեւի քննարկումների ժամանակ ներկայացնում էր կազմակերպության հիմնական ռազմավարական խնդիրների վերաբերյալ զեկույցը: Արդեն ընդունված բանաձեւով խորհրդարանականները խստորեն դատապարտեցին «խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի այլ ձեւերի համակարգային կամ համատարած կիրառումը» այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, եւ մեջբերել էին զեկույցներ, որոնք բացահայտում են ռուսական բանտերում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութեր եւ լուսանկարներ: Նշվել էր, որ Ադրբեջանում կալանավորները ենթարկվել են «խոշտանգումների սարսափելի մեթոդների»՝ խոստովանություններ կորզելու նպատակով: Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի նույն վիճակը մատնանշվել էր նաեւ թուրքական բանտերի պարագայում:

Անցյալ շաբաթ հերթական աղմկահարույց տեղեկությունները ստացվեցին ԵԽ-ում Բաքվի օգտին քվեարկելու դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալու վերաբերյալ: Գերմանիայի դատախազությունը կաշառակերության եւ կոռուպցիայի մեղադրանք էր առաջադրել չորս անձի, այդ թվում՝ երկու նախկին պատգամավորների, որոնք կասկածվում են ԵԽ-ում Բաքվի օգտին քվեարկելու դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնել էր Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի հետազոտության հարցերով կենտրոնը (OCCRP): Ակսել Ֆիշերը եւ Էդուարդ Լինտները եղել են ԵԽԽՎ անդամներ եւ ներգրավված են եղել, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» գործին։ Ադրբեջանն օգտագործել է, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը» եվրոպական քաղաքականության վրա ազդելու համար։ Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գաղտնի հիմնադրամը, որպեսզի եվրոպացի պատգամավորներին առաջարկի անվճար ուղեւորություններ եւ թանկարժեք նվերներ նրանց, ովքեր, օրինակ, կքվեարկեին Բաքվի օգտին:

Մյունխենի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Էլհան Սուլեյմանովի նկատմամբ։ Նա ղեկավարում էր Բաքվում գործող ոչ կառավարական կազմակերպությունը, որի միջոցով իրականացվել են վճարումները, եւ, ինչպես ենթադրվում է, հենց նա է հավաքագրել Ֆիշերին: Ենթադրվում է, որ Ֆիշերը կաշառքի դիմաց քվեարկել է Ադրբեջանի օգտին, օրինակ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի հարցով քվեարկությանը։ Հետաքննության ընթացքում ոստիկանությունը Գերմանիայում խուզարկել է անշարժ գույքի մոտ 20 օբյեկտ, այդ թվում՝ Բունդեսթագի անդամների գրասենյակները: Նրանք արձակել են շուրջ 15 եվրոպական հետաքննական կարգադրություններ կամ փոխադարձ իրավական օգնության մասին դիմումներ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Կիպրոսը, Լիխտենշտեյնը, Բելգիան, Էստոնիան, Լատվիան, Շվեյցարիան, Ադրբեջանը եւ Թուրքիան:

Մյուս կողմից, ակնհայտ է, թե վերջին շրջանում որքան է մեծացել դժգոհության աստիճանը Ադրբեջանում արեւմտյան կառույցների նկատմամբ: Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում լարվածությանն անդրադարձել ենք մի քանի առիթներով: Հայաստանի համար, ինչ-որ առումով, շահեկան է, որ այսօր եվրոպական կառույցների որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը դիտարկում են նույն հարթությունում: Հայաստանը կարող էր օգտվել այդ փաստից. գործընկեր պետություններից, կառույցներից պահանջել ավելի հետեւողական գնահատականներ ու գործողություններ, օրինակ` Ադրբեջանի նկատմամբ, իսկ Թուրքիայի դեպքում, պահանջել, որպեսզի Հայաստանին վերաբերող խնդիրներում իր կողմնակալ կեցվածքով չմիջամտել, որն իրականացնում են բացահայտ: Այլ հարց է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունը նման նպատակներ ունի՞…

«Լեռնային Ղարաբաղի խնդրի փակված լինելու» մասին Ալիեւի շարունակական հայտարարությունների ֆոնին Արեւմուտքն, իրականում, Ռուսաստանի հովանավորությամբ եւ կատարմամբ հաստատված իրավիճակը, փաստորեն, չընդունեց` որպես վերջնական: Հենց սա է հունից հանում Ալիեւին: Արեւմուտքից պարբերաբար հիշեցնում են արցախցիների իրավունքների մասին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունն են շեշտում, որն էլ նյարդայնացնում է Ալիեւին:

Երեւանի եւ Բաքվի միջեւ «համաձայնեցված սկզբունքների» մասին վերջերս խոսեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ այդ ուղղությամբ կողմերի միջեւ մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։

Կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն, ասել էր Կոլոմինան՝ ընդգծելով բանակցային տարբեր ձեւաչափերը՝ երկկողմ, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ձեւաչափերը՝ շեշտելով, որ աջակցում են նաեւ երկկողմ ձեւաչափին։ «Մեզ համար ամենակարեւորը վերջնական արդյունքն է, թե կա՞, արդյոք, կայուն խաղաղություն, որովհետեւ դա շատ կարեւոր կլինի Կովկասի կայունության համար», – ասել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ շեշտելով՝ ՆԱՏՕ-ն կաջակցի այն ամենին, ինչն, ի վերջո, կբերի խաղաղության: «Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարեւոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները եւ ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն», -նշել էր Կոլոմինան։

Կոլոմինան նաեւ շեշտել էր, որ շատ գոհ են Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից. «Մեզ շատ ոգեւորում են նաեւ այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին եւ պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, եւ, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, եւ դա այն է, ինչ անում է Հայաստանը»։

Կոլոմինան, հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում եւս նշել էր, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Հարցին, թե տեսնո՞ւմ է Հայաստանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան պատասխանել էր. «Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք էլ սա ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիները որոշումներ կայացնելու ազատություն ունեն եւ նրանք այդպես են որոշել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն եւ ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարեւոր է»։

Զարմանալի չէ, որ Բաքուն ու Մոսկվան միահամուռ հանդես են գալիս ընդդեմ արեւմտյան միջնորդության: Այս գիծն այնքան խորքային, ընդգծված ու հետեւողական է դարձել, որ Ալիեւը մոռացել է Արցախում ռուս խաղաղապահների «ժամանակավոր» լինելու մասին հիշեցնել` արցախահայության բռնի տեղահանումից հետո, որի մասին մինչ այդ անընդհատ հիշեցնում էին Ադրբեջանից:

Անցյալ շաբաթ Մոսկվայից Հայաստանին ուղղված հերթական նախազգուշացման չափաբաժինը հնչեց: «Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը»,- նշեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Խավիեր Կոլոմինայի՝ դաշինքի եւ Երեւանի դիրքորոշումների մերձեցման մասին վերջին հայտարարությունները։ «Եթե որեւէ մեկն ուզում է մերձենալ, պետք է նախ հասկանալ, թե որքանով է դա վտանգավոր եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել», -նկատել էր Զախարովան։ Ապա հավելել էր. «Թերեւս պետք է նաեւ առաջնորդվել հիմնարար սկզբունքներով՝ բացել քարտեզը, տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը, կարդալ պատմության դասագրքերը: Արեւմուտքը բոլորին է խոստումներ տալիս։ Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ են այդ խոստումները կատարվել»։

ՀԱՊԿ հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ դեսպան Վիկտոր Վասիլեւն էլ իր հերթին հարկ համարեց հիշեցնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա: «Նովոստի»-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն կենտրոնացած է 2023-ի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա, այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները. «Նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, ի դեպ, հայկական կողմն այդ նստաշրջանին չի մասնակցել, այժմ քննարկվում են Երեւանում։ Այդ փաստաթղթերից մի քանիսը ստացել են հայկական կողմի համաձայնությունը, դրանից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց դրված չէ»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի վերջին Երեւան էր այցելել, եւ հայտնի է, որ նա բերել էր փաստաթղթերի փաթեթ, որն ընդունվել էր Մինսկում ՀԱՊԿ խորհրդի նիստում: Անդրադառնալով ՀԱՊԿ միջոցառումներին Երեւանի չմասնակցելու հարցին, Վասիլեւն ասել էր, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, միեւնույն ժամանակ շեշտելով՝ «այն կատարվել է ճնշման ներքո»։ «Այս իրավիճակը արեւմտյան երկրների ճնշման եւ Հայաստանի ղեկավարության ու հասարակության հասկանալի էմոցիաների արդյունք է»,-նշել էր նա՝ հույս հայտնելով, որ «բանականությունը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին»։

«Հայաստանը ճնշումների ներքո է»` մեղադրանք-գնահատականով Հայաստանի «դաշնակից» երկրներն արդեն անթաքույց զգուշացնում են, որ չեն ընդունելու Հայաստանի հնարավոր որոշումը` ստորագրել որեւէ փաստաթուղթ Արեւմուտքի միջնորդությամբ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829