Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականջներիդ օղ արեք, մյուս անգամ չասեք՝ զզվցրիք, թողիք։ Զզվցրել եք դուք». Քիմիկների զորամասի գործով դատավարությունն ընթանում է լարված մթնոլորտում. «Փաստինֆո»

Փետրվար 06,2024 23:23

Պատերազմի ժամանակ երեք ավտոբուսով 70 հոգու տարել են հակառակորդի կողմից գրավված տարածք և հանձնել թուրքին, ինչի դիմաց՝ պարզ չէ։ Առանց զենքի, առանց որևէ բանի երեխեքին տարել, հանձնել են։ Այս մասին «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստում հայտարարել է զինծառայող Էդգար Նահապետյանի հայրը։

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում շարունակվել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը։ Զինծառայող Էդգար Նահապետյանի հայրը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին, եւ առ այս պահը տեղեկություն չունի։ Միակ տեղեկությունն առնչվում է ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութի հետ, համաձայն որի՝ որդին և 12 զինծառայող ադրբեջանական գերության մեջ են, սակայն այլ տեղեկություն չկա արդեն չորս տարի։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ որդին պատմել է, որ սկզբում պետք է Մեղրի գնան, հետո՝ տեղափոխվեն Կապան։ Ինքը ՌԴ-ում էր, երբ հոկտեմբերի 24-ն իմացել է որդու անհետանալու մասին, ՀՀ կարողացել է վերադառնալ 2020թ նոյեմբերի 22-ին։ ՀՀ վերադառնալուց հետո դժվարությամբ է հանդիպել Անդրանիկ Մակարյանին, ըստ զինծառայողի հոր՝ Մակարյանը մշտապես «փախչել» է ծնողներից, երևի մեկ անգամ է, որ Մակարյանը կանգնել է՝ զրուցելու, որի ժամանակ դեպքը որակել է «թյուրիմացություն»։

«Պահանջեցինք, ասացինք՝ ինչու չես գնացել մեր երեխեքին փրկելու, ասաց՝ բա որ ես գնայի, մեռնեի՝ ո՞վ էր ձեզ պատասխան տալու։ Թե ինչ պատասխան տվեց՝ պարզ չէ»,- ասաց զինծառայողի հայրը՝ մեջբերելով Անդրանիկ Մակարյանի խոսքերը։

Հրամանատար Արսեն Աբգարյանն էլ ծնողներին ասել է, որ «գեներալը հրաման է տվել, երկու անգամ չեմ կատարել հրամանը, երրորդ անգամ ասել են, որ առաջադրանքը չկատարելու համար տույժի կենթարկեն։ Ինձ ասել են՝ դու զորքը տար, զենքը կհասցնենք»։ Հարցաքննության ընթացքում ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը հարց ուղղեց զինծառայողի հորը՝ նշելով, որ ինքը ԶՈՒ-երում ծառայել է շուրջ 39 տարի, որից միայն 2 տարին՝ կենտրոնական ապարատում, իր ամբողջ ծառայության մեջ բազում մահեր է տեսել։

«Իմ 39 տարվա ծառայության մեջ ես քանի՞ անգամ մահ տեսած կլինեմ։ Ինձ համար ինչ տարբերություն՝ իմ երեխեքը, թե իմ զինծառայողները»,- ասաց Մակարյանը, ինչին արձագանքելով՝ զինծառայողի հայրն ասաց․ «Ձեր խոսքերից երևում է՝ Դուք զինծառայողներին չեք սիրում»։

Մակարյանի և նրա փաստաբանի հարցերի ընթացքում իրավիճակը մի պահ լարվեց. դահլիճում գտնվող զինծառայողներից մեկի մայրը Մակարյանի հասցեին որոշակի արտահայտություն արեց, ինչից հետո պաշտպանը պահանջեց դատարանից՝ պարզել, թե ով է ասել և սանկցիա կիրառել։ Նիստերի դահլիճում գտնվող ծնողները վրդովվեցին, ասացին՝ «Սանկցիայով չեն կարող վախեցնել, հերիք եղավ, բոլ եղավ։ Լավ է արել, որ ասել է»։ Այնուհետև անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, դիմեց պաշտպանին՝ նշելով․ «Ականջներիդ օղ արեք, մյուս անգամ չասեք՝ զզվցրիք, թողիք։ Զզվցրել եք դուք »։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829