Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ. «Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կհանգեցնի փաստաբանական ծառայությունների առնվազն 40% թանկացման»

Փետրվար 06,2024 22:55

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում քննարկվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Ըստ այդմ, փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը նախատեսվում է 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 % (ներկայումս այն 5 % է): Ստացվում է, որ շրջանառությունից առաջացող հարկային բեռը կրկնապատվում է: Իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Փաստաբանները ահազանգում են, որ նախագիծը շրջանառության մեջ մտնելու պարագայում իրենք ստիպված են լինելու բարձրացնել մատուցվող ծառայությունների գինը, ինչից առաջին հերթին տուժելու են ՀՀ քաղաքացիները:

Քննարկմանը մասնակցեցին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, Փաստաբանների պալատի անդամներ Գոռ Գեւորգյանը եւ Միքայել Դանիելյանը:

Հրավիրվել էր նաեւ ֆիննախի ներկայացուցիչը, սակայն նախարարությունից պատասխանել էին, որ քանի դեռ նախագիծը քննարկման փուլում է եւ հնարավոր են վերանայումներ, առժամանակ ձեռնպահ են մնում այս թեմաներով քննարկումներին մասնակցելուց:

Միքայել Դանիելյանը նշելով, որ նախագիծը նախապես չի ներկայացվել փաստաբանական համայնքի քննարկմանը, ինչը հարկային օրենսգրքի խախտում է, ասաց. «Տարբեր հաշվարկների համաձայն, նախատեսվող փոփոխությունը կհանգեցնի փաստաբանական ծառայությունների առնվազն 40 % թանկացման: Ինչպես միշտ լինում է նման դեպքերում, մեր մտահոգությունը այն է, որ թանկացման պայմաններում հարվածը կրում է ոչ այնքան փաստաբանական ծառայությունը, որքան սպառողը: Եվ վճարողը լինելու է ՀՀ քաղաքացին: Դա է հիմնական պայմանը, որ Փաստաբանների պալատը որպես առանձին կառույց եւ մենք որպես անհատ փաստաբաններ, սկզբունքորեն դեմ ենք եւ կարծում ենք, որ փաստաթուղթը շրջանառությունից պետք է հանվի»:

Գոռ Գեւորգյանի համոզմամբ, այս նախաձեռնությունը, թերեւս, ավելի շատ միտված է փաստաբանական համայնքի եւ լրատվական դաշտին: «Ես մեծ համոզմունք ունեմ, որ ապագայում փաստաբանների հարկային բեռի այսքան բարձրացումը միտված է ոչ այնքան պետական բյուջեն լցնելուն: Այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Լրագրողների հետ մեկտեղ փաստաբանները մնացել են այն եզակի պայքարողներից, որոնք ուղղակի իրենց ճանապարհից հետ չեն դառնում իրենց ճանապարհից եւ ամեն իրավական ճանապարհով փորձում են օգտակար լինել: Չեզոքացնել այդպիսի փաստաբաններին, այս իշխանության բռնած հերթական ճանապարհն է»:

Փաստաբանի կարծիքով՝ հարկային բեռի բարձրացումով՝ որոշ փաստաբաններ ինքնըստինքյան առհասարակ դադարեցնելու են իրենց գործունեությունը: Նա դրա տակ քաղաքական ենթատեքստ էլ է տեսնում: «Ես այդպիսի ենթադրություն կարող եմ անել, որովհետեւ այդ փաստաթղթի հեղինակները եթե նայեին փաստաբանական ծառայությունների դիմաց վճարվող գումարների չափը, հարկերի բարձրացման արդյունքում ենթադրաբար բյուջե սպասվելիք մուտքերը եւ թե դրա դիմաց բազմադրվագ ինչպիսի արժեքներ են խախտվում, եթե չլիներ այլ ենթատեքստ, չէին գնա այդ քայլին»:

Նա նաեւ կարծում է, որ այդ ճանապարհով փոքր խաղացողներին ճանապարհից հանելով, իրենք կունենան մեկ, երկու, երեք խոշոր փաստաբանական գրասենյակներ, որոնք վերահսկելի կդառնան եւ այդպես մտածելու իրավական հիմքերն էլ ունի:

Արաքս Մելքոնյանը փաստաբանների գործունեության հարկային բեռի բարձրացման այսպիսի նախագիծ շրջանառության մեջ դնելու ոչ մի տրամաբանություն, հիմնավորում չի տեսնում` հաշվի առնելով փաստաբանների իրավապաշտպան գործունեությունը: «Այն, որ դա հանգեցնելու է արդարադատության մատչելիության խախտման եւ առհասարակ արդարության դեֆիցիտի, ինչն առանց այդ էլ ունենք, միանշանակ լինելու է երկում եւ բերելու է շատ լուրջ խնդիրների իրավունքի պաշտպանության համատեքստում»:

Նա եւ գործընկերները ցավով են արձանագրում, որ փաստաբանները, որ շատ հաճախ անվճարունակ մարդկանց անվճար իրավապաշտպան ծառայություններ են մատուցում, օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում ստիպված դադարեցնելու են այդ գործելաոճը, իսկ հանրային պաշտպանի ինստիտուտը ֆիզիկապես չունի այն ռեսուրսները, որ այդ բեռը իր վրա վերցնի:

Մեր հարցին, թե ըստ էության մարդկանց իրավական պաշտպանության հնարավորություններից զրկելը կամ նվազագույնի հասցնելը արդյո՞ք բռնապետության հիմքեր դնել կամ հիմքերը ցեմենտել չի նշանակում, բանախոսները չբացառեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829