Լրահոս
Օրվա լրահոսը

Գետքի բնակիչները կփակեն գյուղի ճանապարհը․ բողոքի ցույցի պատճառը գյուղապետին անիմաստ պաշտոնազրկելն է

Փետրվար 06,2024 21:45

Անդրադարձել ենք, որ  Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչներն այսօր  ահազանգել էին  Aravot.am-ի խմբագրություն՝ դժգոհելով, որ Շիրակի մարզային իշխանությունը իրենց վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին  հարկադրել է աշխատանքից ազատման դիմում  ներկայացնել։

Պատճառը եղել է Oragir.news կայքին  տված հարցազրույցը, որտեղ վարչական ղեկավարը խոսել է գյուղի խնդիրներից։

Գյուղացիների ներկայացնելով, Շիրակի մարզային իշխանությանը հատկապես դուր չի եկել  Աշոտ Շաբոյանի հայտնած այն մտահոգությունը, թե սահմանամերձ  Գետքի  դպրոցը հարևան Երազգավորսի դպրոցի հետ միավորելու դեպքում գյուղը կդատարկվի, փակ դռների թիվը կավելանա։

Ըստ մեզ ահազանգած գյուղացիների, այս հարցազրույցից հետո Շիրակի մարզային իշխանությունը իր մոտ է հրավիրել վարչական ղեկավարին՝ հարկադրել դիմում ներկայացնել պաշտոնից ազատման։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց հենց վարչական ղեկավարից պարզաբանում ստանալ, թե ինչու է դիմում ներկայացրել։ Նա ասաց, որ ինքը չի ստիպել նրան դիմում ներկայացնելու, երբեք նման բան չէր անի։

Աշոտ Շաբոյանն էլ խոստացավ ավելի ուշ անդրադառնալ այս թեմային։

Ինչևէ, Գետքի բնակիչները քիչ առաջ նորից զանգահարեցին մեզ՝ տեղեկացնելով, որ վաղը բողոքի ցույց են անցկացնելու, փակելու են  գյուղի ճանապարհը ու պահանջելու են Աշոտ Շաբոյանի վերադարձը։

«Մեր վարչական ղեկավարն ազատվել է մարզպետի հրահանգով, մենք վաղը պարզաբանում ենք պահանջելու նրանից, թող բացատրի՝ ինչո՞ւ է ազատել, ինչո՞ւ է հարկադրել դիմում տալ և հեռանալ։

Ի գիտություն մարզպետի, որ համաձայն չենք իր նոր նշանակման հետ, տեղեկացված ենք՝ ում է նշանակելու, արդեն որոշումը կա։

Մեր գյուղից է, Նարինե Հարությունյանն է, նրա անձի դեմ ոչինչ չունենք, սակայն նա չի կարող լուծել մեր գյուղի առօրյա խնդիրները։

Վաղը եկեք, թող մարզպետը տեղում պարզաբանում տա Գետքի բնակչությանը, մենք էլ իմանանք, թե  ինչո՞ւ է նման բաներ իրեն թույլ տալիս»,-փոխանցեցին մեզ զանգահարած գյուղացիները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829