Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը Financial Times-ի կողմից ճանաչվել է քաղաքատնտեսական թեմայով լավագույն նոր գրքերից մեկը:
Հեղինակավոր պարբերականը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող են տալ մյուսներին. «Երբ ռեսուրսներն ուժ և իշխանություն են բերում, քչերն են հակված լինում «մեծ նախանձով» նայել աշխարհագրորեն փոքր տարածքով ազգերին:
Բայց բարդ աշխարհում կառավարումը պետք է ավելի արագաշարժ լինի: Իսկապես, մինչ խոշոր տնտեսությունները մտածում են, թե ինչպես արձագանքել տնտեսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական տեղաշարժերին, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փոքր պետությունների ճկունության և ադապտացիայի հետաքրքրաշարժ ու արդիական վերլուծություն է ներկայացնում «Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը» գրքում»:
Արմեն Սարգսյանը դիվանագետի, պետության ղեկավարի իր ճամփորդությունների, հանդիպումների և փորձառության միջոցով ներկայացնում է տարբեր փոքր երկրներ, այդ թվում` Սինգապուրը, ԱՄԷ-ն, Էստոնիան, Իռլանդիան և Բոտսվանան` փորձելով բացահայտել, թե ինչպես նրանք վերածնվեցին այն պարագայում, երբ դա հավանական չէր թվում:
Կարդացեք նաև
Այսպիսով, որո՞նք են հաջողված երկրների դասերը: Ըստ Արմեն Սարգսյանի, հիմնական բաղադրիչներն են ինքնության ուժեղ զգացողությունը, նպատակի գիտակցումը, արդյունավետ կառավարումը, իրավասու առաջնորդները, որոնք ներգրավված են ռազմավարական և պրագմատիկ որոշումների կայացման մեջ: Նա համոզված է, որ այս ամենի առկայության դեպքում փոքր պետությունները կարող են 21-րդ դարի բարդ մարտահրավերները հաղթահարել ավելի խելացի ձևերով, քան ավանդաբար խոշոր տերությունները: