Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի /AIMF/ հետ հաստատված գործակցությունն ու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում էլ համատեղ այն ծրագրերը, որոնք իրականացվում են գործընկեր քաղաքներ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ:
Ներկայացնելով նախաձեռնված բարեփոխումները՝ հասարակական տրանսպորտի, Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն ուղղված թվայնացման ու քաղաքաշինության ոլորտներում, Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ֆրանսիական քաղաքների հետ ընդլայնել գործակցության ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկներին:
Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ֆրանսիական ընկերությունների հնարավոր մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի տարբեր նախագծերին ու ընդգծել, որ համայնքը բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն