Լրահոս
Օրվա լրահոսը

Գետքի գյուղապետին պաշտոնազրկել են հարցազրույց տալու ու գյուղի դպրոցի փակմանը դեմ արտահայտվելու համար

Փետրվար 06,2024 18:24

Aravot.am-ն ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչներից առ այն, որ իրենց վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին Շիրակի մարզային իշխանությունը հարկադրել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել այն բանից հետո, երբ նա Oragir.news կայքին հարցազրույց է տվել՝ խոսելով գյուղի խնդիրներից։

Մեզ ահազանգած գյուղացիների ներկայացմամբ, մարզային իշխանությանը հատկապես դուր չի եկել վարչական ղեկավարի այն միտքը, թե սահմանամերձ (Գետքը Թուրքիայի սահմանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ա․Ն․) Գետք գյուղի դպրոցը հարևան Երազգավորսի դպրոցի հետ միավորելու դեպքում գյուղը կդատարկվի։

Aravot.am-ը լուսաբանել է Գետք գյուղի բնակիչների բողոքի ցույցը, որոնք պնդում էին, թե  72 աշակերտ ունեցող, յուրահատուկ պայմաններով՝ հիմնանորոգված, արևակայանով, կարգին սպորտդահլիճով դպրոցը փակելն ու հարևան Երազգավորսի դպրոցի հետ միավորելը «հանցանք է»։ Նրանք պահանջում էին ԿԳՄՍ նախարարից վերանայել որոշումը, համաձայն որի՝ սահմանամերձ Գետքի դպրոցը ևս հայտնվել է մինչև 2026 թվականը մարզի 46 միավորվող դպրոցների ցանկում։

Գյուղացիներն ասում են․ «Դպրոց եք փակում, որ սահմանամերձ գյուղերը դատարկեք, պրծնե՞ք» ։

Գետքի վարչական ղեկավարն էլ օրերս Oragir.news –ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել, որ գյուղի դպրոցը փակելու դեպքում Գետքը կդատարկվի, կավելանա գյուղի փակ դռների թիվը։

Նա նաև առաջարկել է՝ «սահմանամերձ գյուղերի համար պիտի այնպիսի ծրագրեր անեն, որ մարդիկ ոչ թե գյուղը լքեն, այլ մնան ու պահեն իրենց հողը»։

Ինչևէ, սեփական գյուղի շահը պաշտպանելն առիթ է դարձել, որ նրան հարկադրեն աշխատանքից ազատման։

Մեզ ահազանգողները նշում էին, որ երբևէ նման ստրկամտություն չեն տեսել, որ սրտացավ մարդուն պատժեն կարծիք արտահայտելու համար։ Ըստ նրանց, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարությունից է խոսում, մինչդեռ այս մարզում ստալինյան բռնապետությունից վատ ժամանակներ են տիրում։

Aravot.am-ը այս թեմայի շուրջ պարզաբանում խնդրեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանից։ Ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ Զավեն Մանուկյանի՝ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար դառնալուց հետո է անկուսակցական Աշոտ Շաբոյանը նշանակվել Գետքի վարչական ղեկավար։ Հին ղեկավարին ազատել են ՔՊ-ական չլինելու համար ու նոր նշանակում կատարել։

Աշոտ Շաբոյանը մոտ 7 ամիս է՝ ինչ պաշտոնավարում է, գյուղացիներն այնքան գոհ են, որ ի պաշտպանություն նրա՝ բողոք են ներկայացնում, ընդ որում ոչ միայն մեզ․ մեր տեղեկություններով, նրանք հասել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի մոտ՝ պարզաբանում պահանջելու։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը չի ստիպել Աշոտ Շաբոյանին պաշտոնից ազատման դիմում ներկայացնել։ Ըստ Զավեն Մանուկյանի, ինքը երբեք նման բան չէր անի։

Նա խորհուրդ տվեց հենց Շաբոյանին հարցնել՝ ինչո՞ւ է դիմում գրել։

Աշոտ Շաբոյանն էլ մեզ հետ զրույցում թեև ասաց, որ դիմում է գրել, բայց խոստացավ ավելի ուշ անդրադառնալ այդ թեմային։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829