«Ցավալի է, որ մեր գործընկերները չեն հասկանում, թե ինչի մասին է խոսք գնում, երբ Հայաստանն անվանում են խամաճիկային պետություն։ Ես պնդում եմ, որ առաջին անգամ է Հայաստանի Հանրապետությունն ինքնուրույն գործում։ Վերջին 30 եւ ավելի տարիների ընթացքում առաջին անգամ է ՀՀ-ն պետության եւ պետականության հիմքերը դնում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հավելեց․ «Օրհներգը վերցրել ենք «իտալացի աղջկանից», այս մեկը վերցրել ենք սովետական միությունից, սահմանը գծել են այսինչները, ասել են՝ դուք կնստեք այստեղ, կգողանաք, բանակից ձեր երեխաներին կազատեք, ձեր դղյակները կսարքեք, փորերը կմեծացնեք, իսկ եթե հանկարծ թշնամին կհարձակվի, մեզ կզանգեք, այդ ժամանակ կմտածենք, եթե մեր պետությանը ձեռք կտա, ձեզ կփրկենք, եթե ձեռք չի տա, նորից մանրադրամ կդառնաք, ինչպես պատմության ընթացքում 100 տարի առաջ դրա օրինակը եղել է։ Մենք պետականություն ենք կերտում, պետականություն ենք ստեղծում, այն պետականությունը, որը դուք այդպես էլ չկարողացաք հիմնել ու ստեղծել»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ նույնիսկ 2018 թվականին այդ սխալ ընկալումը եղել է, մենք չենք հասկացել, թե ինչ է պետականությունը։ «Մենք պետք է ունենայիք ինչ-որ տարածք, որտեղ լինեինք ինչ-որ պրոքսի, եւ նույնիսկ հիմա մենք պետք է մտածենք՝ մենք Ռուսաստանի պրոքսին ենք, թե՞ կարող է հիմա ավելի լավ է դառնանք օտարերկրյա մի երկրի պրոքսի, որը մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց մենք չենք մտածել, լավ, բա մենք ո՞վ ենք, մեր պետականությունը խի՞ չենք ստեղծել, մեր սեփականն ինչո՞ւ չենք ունեցել։ Որովհետեւ մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ եթե մեզանից հեռու գնաք, կտանք գլխներիդ։ Դուք տարածաշրջանում պետք է լինեք մեր մահակը, ձեր գոյության իմաստը մեր մահակ լինելն է։ Եթե ուզում եք իրոք պետության մասին խոսենք, եկեք խոսենք։
Ի՞նչ է ձեր օրակարգը, որ դուք վերադարձել եք դահլիճ։ Ո՞րն է ձեր օրակարգը, որ դուք փողոցից եկաք ներս, չասացիք։ Եկեք խոսենք։ Հիմա փաստ է, որ ՀՀ ընտրված իշխանությունը «Քաղաքացիական պայմանագիրն» է, լավն է, վատն է, բան չունեմ ասելու։ Դուք ունեք ընդդիմության լծակը, եկեք խոսենք։ Դուք ձեր անգործությամբ հիմա մեղավոր եք, եթե մենք, իհարկե, սխալներ ենք գործում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ