ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնեցին այն հարցը, որ իշխանությունը փորձում է մանդատից զրկել Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ելույթում ասաց․ «Ստվերային գործարքի արդյունքում քաղաքապետի պաշտոնը զավթելուց հետո ՔՊ-ն անցել է ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու օպերացիային։ ՔՊ-ն խաբեց, թե իբր անելու է այն, ինչ կասի երևանցին, սակայն իշխանությունը զավթելուց հետո քաղաքացիների գլխին թանկացումներ բերեցին։ Հիմա էլ պատրաստվում են քաղաքային տրանսպորտը թանկացնել։ Դրա համար էլ հարձակվել են Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունների վրա, որպեսզի քաղաքացուն թալանի մատերիալ սարքելը համեմատաբար հեշտ լինի։ Հակառակորդ եւ յուրային ճամբարների վրա հարձակումները Նիկոլ Փաշինյանին, բացի թանկացումները մարսելու նպատակից, պետք են նաեւ Ալիեւի օրակարգը սպասարկելու համար»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն էլ ասաց․ «Վաղը պետք է տեղի ունենա Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որտեղ քաղաքային իշխանությունը նիստի օրակարգ է բերել մի նախագիծ, ըստ որի՝ ընդդիմադիր ավագանու հինգ անդամների զրկելու են իրենց մանդատներից։ Սակայն, չունենալով բավարար ձայներ՝ նիստի քվորումն ապահովելու համար, դիմում են իրենց բնորոշ գործելաոճին՝ բռնաճնշումներով եւ զոռբայությամբ ընդդիմադիր ավագանիներին փորձում են մասնակից դարձնել այդ հակաօրինական գործունեությանը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ