Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետ․ «2013-ին իմ պահանջը քաղաքային իշխանություններից այն չէր, որ առհասարակ բացառված է թանկացումը, ասում էինք՝ նոր տրանսպորտ բերեք, հետո թանկացրեք»

Փետրվար 06,2024 18:04

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսում լրագրողի հարցին, թե ինչու նախընտրական շրջանում, քարոզարշավի ժամանակ երեւանցիներին չէին ասում, որ տրանսպորտը թանկանալու է, պատասխան չտվեց։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, նախատեսվում է տարբեր տոմսերի համար տարբեր սակագներ։

Գրիգորյանին հիշեցրեցին, որ տարիներ առաջ ՔՊ շատ անդամներ մասնակցում էին տրանսպորտի դեմ թանկացման ցույցերին, իսկ այսօր իրենք իշխանություն են, բարձրացնում են տրանսպորտի սակագինը։

Գրիգորյանն ասաց, որ ինքն էլ է մասնակցել այդ բողոքի ցույցերին․ «Այն տրանսպորտային համակարգը, որն այն ժամանակ կար ու այսօր կա, իրարից շատ տարբեր են առնվազն շարժակազմով, ինչը դեռ չի նշանակում, որ մեր պատկերացրած իդեալական տրանսպորտային համակարգն է։ Բայց անգամ 2013-ին իմ պահանջը օրվա քաղաքային իշխանություններից այն չէր, որ առհասարակ բացառված է թանկացումը։ Մենք ասում էինք՝ գազել է, եթե ոչ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին՝ թանկացնենք, որ լավ տրանսպորտ բերենք։ Մենք էլ ասում էինք՝ չէ, բերեք, հետո թանկացրեք»։

Թե կոնկրետ որքան է թանկանալու, Գրիգորյանն ասաց, որ չի կարող կոնկրետ նշել, քանի որ չկա տոմսային այն պրոդուկտը մեկ անգամյա ուղեւորության, որպեսզի հնարավոր լինի համեմատել ու ասել՝ 100 դրամ էր, դարձավ այսքան․ «Կարող եմ ասել՝ եթե մենք վերցնում ենք ամեն օր տրանսպորտից օգտվող անձին եւ վերցնում ենք, որ օրինակ ինքը օգտվելու է ոչ թե մեկօրյա, շաբաթական, այլ ամսական, եռամսյա կամ տարեկան տոմսից, ինքը շատ է օգտվում, ինչն արդարացնում է իրեն սուբսիդավորելը, ապա այս պահի նախագծով չեմ սխալվում՝ դառնում է 180 դրամ։

Մարդ, որն այսօր մեկ ամիս օրը միջինում երկու ուղեւորություն է անում, ամեն ուղեւորության համար վճարում է 100 դրամ, իրեն ձեռնտու չի լինի ամեն անգամ 300 դրամանոց տոմս գնել։ Նրան ձեռնտու է կամ ամսական տոմս գնել, վճարելով 11 հազար դրամ, կամ եռամսյակային տոմս՝ 25 հազար կամ տարեկան՝ 108 հազար դրամ»։

Գրիգորյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում միջին աշխատավարձի աճը նայեք, իսկ տրանսպորտի գինը նույնն է մնացել․ «Այսինքն, տրամաբանական է անգամ ամենօրյա օգտվողների համար թանկացումը, որովհետեւ երբ ամեն օր պահանջում ենք որակյալ տրանսպորտ, որակյալ շարժակազմ, ինչը ճիշտ ենք անում, դա գին ունի։ 2013 –ին իմ պնդումը այն չի եղել, որ 100 դրամն այն գինն է, որով կարելի է եվրոպական ստանդարտի շարժակազմ ավելացնել։ Եթե դնում ենք ամեն ինչ մի կողմ, այն ժամանակվա իշխանության կոռումպացվածությունը եւ այլն, ասում էինք՝ ներդրում կատարեք, հետո թանկացրեք։ Մենք այն ժամանակ առաջ քաշած տրամաբանությունը պահպանում ենք, ասում ենք՝ թանկացնենք, որ առկա համակարգը կարողանանք պահպանենք։ Նոր շարժակազմը կլինի, կքննարկենք՝ հնարավո՞ր է թանկացնել, թե՝ ոչ»։

Գրիգորյանի խոսքով՝ պետք է հասկանանք, որ մենք հանրություն ենք, որ պետք է վճարենք մեր տրանսպորտային համակարգի համար․ «Տրանսպորտային մի ուղդեւորափոխադրումը իր օբյեկտիվ գինն ունի։ Հիմա ինքնարժեքը շատ-շատ համեստ հաշվարկով 220-230 դրամ է։ Այս 2220-ից 200-ը հիմա քաղաքացին է վճարում, մնացածը՝ բյուջեն, որը էլի քաղաքացիների գրպանից է վճարվում, իսկ այդ սուբսիդիան էլ մինիմալ շնչելու համակագ է, դա այն բյուջեն չի, որով ամեն օրվա պահանջած տրանսպորտային համակարգը ունենանք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829