Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» (ԻՔՄ) գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ ՔՊ-ն հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» պահանջելով՝ հերքել հուլիսին իրենց արած հրապարակումը, ինչպես նաեւ 1.5 միլիոն դրամ փոխհատուցել։
«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել էր տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ աղբյուրների, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին:
ՔՊ-ի ներկայացուցիչը դատարանի դահլիճում հայտարարեց՝ մենք գտնում ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված հոդվածը զրպարտչական բնույթի է։ ԻՔՄ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հարցրեց՝ բայց դուք չեք հերքում, որ իրապես ՔՊ ներկայացուցիչները Սպիտակ համայնքում իրականացրել են ցուցակագրում։ ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց․ «Մենք ոչ պնդում, ոչ հերքում ենք։ Ձեր կողմից բարձրացված նման հարցի անդրադարձ չենք էլ կատարել։ Այդ փաստերի ապացուցման բեռը ձեր վրա է»։
Կարդացեք նաև
Ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Ռուզաննա Ավագիմյանը հայտնեց․ «Հայցվորի կողմից հայցադիմումում նշված հատվածն ընդամենը տեքստի՝ համատեքստից կտրված մեջբերումներ են։ Դրանք ամբողջական մտքեր չեն, իսկ ընդհանուր շարադրանքը ուսումնասիրելուց ակնհայտ է դառնում, որ ձեռնարկվել են գործողություններ պարզելու տեղեկատվության ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Իսկ հոդվածում տեղեկությունները ներկայացվել են ողջամտության սահմաններում, հավասարակշռված»։
Նա պնդեց, որ հոդվածը որևէ ազդեցություն չի ունեցել, որովհետև ՔՊ-ն Երևան քաղաքում իշխող ուժ է, և իր կողմից է նշանակվել Տիգրան Ավինյանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչը նախագահող դատավորին խնդրեց մերժել ՔՊ-ի կողմից ներկայացված անհիմն հայցը։
Ռուզաննա Ավագիմյանը, պատասխանելով հայցվորի ներկայացուցչի հարցերին, ասաց․ «Հայցվոր կողմն ուներ հնարավորություն «ԶԼՄ մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախապես դիմել պատասխանողին արտադատական ընթացակարգով, պահանջել հերքում, եթե իրոք գտնում էր, որ հերքման ենթակա են այս տեղեկությունները և որևէ գումարային արտահայտության պահանջ չդնել։ Սակայն հայցվորը գտել է, որ առանց արտադատական ընթացակարգի հնարավորության կարելի է դիմել դատարան և ոչ միայն պահանջել հերքում, այլև գումարային պահանջ դնել նյութական վնասի փոխհատուցում, միջնորդել նաև հայցի ապահովում կիրառել, և դա խոչընդոտել է պատասխանողի՝ գործունեության ծավալելուն, մինչև կարողացել ենք վերացնել հայցի ապահովումը»։
Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Ուզում եմ ուշադրություն հրավել այն բանի վրա, որ հրապարակված նյութի մեջ նկարագրված չէ որևէ գործողություն, որի պնդման հիմքերը ընթերցողին ներկայացված չլինեն։ Որևէ գործողություն չի վերագրվում պատասխանողին, որը նույն նյութում չի ապացուցվում։ Սա շատ անկյունաքարային հարց է։ Կուզեի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ արտահայտությունները, որոնք կողմը զրպարտչական բնույթի է համարում, տարօրինակ են ինձ համար․ օրինակ՝ նման արտահայտությունների թվին է պատկանում «վարչական ռեսուրսի չարաշահումն այն զանցանքներից է» հատվածը։ Սա հրապարակված նյութի նախավերջին պարբերությունն է, որտեղ նկարագրվում է, թե դա ինչպիսի զանցանք է, ինչպիսի իրավակիրառ պրակտիկա կա։ Սա կտրված է պարբերությունից, որը նկարագրում է, թե տվյալ դրույթը ինչ իրավակիրառ պրակտիկա ունի։ Նյութում հայցվորին չի վերագրվում որևէ արարք, որևէ գործողություն, որը չի հիմնավորվում նյութում»։
Նախագահող դատավորը կողմերին հարցրեց՝ դիտարկո՞ւմ են հաշտության միջոցով հարցը լուծելը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչն ասաց՝ այդպիսի առաջարկ չունեն, հայցվոր կողմն ասաց, որ նման տարբերակ չեն դիտարկում։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 21-ին՝ ժամը 14։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ