Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում։
Այդ կարծիքը փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Սոբհանին շեշտեց, որ պաշտոնական Թեհրանն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի բովանդակությունը, այն է՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, հիմնված է երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ըստ դեսպանի՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն առավել քան տրամաբանական է ու միջազգային նորմերին համահունչ։
Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Սոբհանին հիշեցրեց, որ այն նախատեսված է նախևառաջ տարածաշրջանի երկրների միջև առկա հիմնախնդիրները սեփական կարողություններով լուծելու համար և եթե ձևաչափն արձանագրի շոշափելի ձեռքբերումներ, ապա բոլոր երկրներն էլ շահագրգիռ կլինեն ներգրավվածության ու նիստերին մասնակցելու հարցում։
Կարդացեք նաև
«Եթե մեր տարածաշրջանում գրանցվում են սրացումներ, տեղի են ունենում կոնֆլիկտներ, ապա դրանք բացասաբար են անդրադառնում նախևառաջ տարածաշրջանի բոլոր երկրների վրա, հետևաբար նրանք համատեղ ջանքերով պետք է դառնան հիմնախնդիրների լուծման երաշխավոր։ Անհրաժեշտ է առաջնորդվել անկեղծ մղումներով ու հետևողական լինել իրական խաղաղություն և կայուն անվտանգություն հաստատելու գործում»,- պարզաբանեց դիվանագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» հարցին, դեսպանն ընդգծեց, որ աշխարհում կա ընդունված մոտեցում, որի համաձայն՝ միջանցքն ընկալվում է որպես կոմունիկացիոն կապի հնարավորություն, սակայն մեր տարածաշրջանում դա ընկալվում է բոլորովին այլ կերպ, ուստի Իրանն իր քայլերով հստակ ցույց է տվել, որ չի հանդուրժի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն այս տարածաշրջանում։
«Մենք ողջունում ենք բոլոր ճանապարհների ու հաղորդակցությունների ապաշրջափակումը, եթե այն տեղի ունենա երկրների շահերի հիման վրա և նրանց ինքնիշխանության ներքո։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը, ուստի այդ ամենին մեր տարածաշրջանում կնպաստի միայն ուժերի հավասարակշռությունը։ Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին հետագա զարգացման համար, պատրաստ ենք տրամադրել»,- հավաստիացրեց Սոբհանին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: