«Երբ գուժում էինք, թե Արցախը հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու, եւ պայքարը Հայաստանի գոյության համար է, շատերը մեզ մեղադրում էին գույները թանձրացնելու մեջ։ Հիմա ամեն բան առավել քան ակնհայտ է եւ ցինիկորեն ողբերգական»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ նրա՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու, ազատ ընտրությունների, կոռուպցիան արմատախիլ անելու ՔՊ-ական խոստումները սին էին, իսկ կոռուպցիոն սխեմաներն ու դատաիրավական տեռորը՝ ավելի քան ակնհայտ:
«Մենք հիմա մի ուրիշ՝ բազմակողմ պատերազմի մեջ ենք, ուր հարցականի տակ են Հայաստանի պետականությունն ու հայ ժողովրդի լինելիությունը։ Մեր իրականությունը վերածվել է համատարած հրդեհների, չգիտես որը շիջես։
Մեր երկրում թշնամու ժամանակն է, երկրում թուրք-ադրբեջանական կամքն է մոլեգնում ու ներազգային օրակարգ թելադրում։ Քաղաքական ու դիվանագիտական բանկրոտ վարչախումբն ու նրա առաջնորդը մսխել են երկրի անվտանգային բոլոր ռեսուրսները։ Ունակ չլինելով հակազդելու թշնամուն՝ զբաղված եք թուրքական թեզերը լեգիտիմացնելով: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական պատվերով են հետեւողականորեն կազմալուծվում հայոց պետականության ինքնութենական արժեքները, թիրախում մեր պատմական հիշողությունն է, Հայ Առաքելական Եկեղեցին, մշակույթը, Հայկական Սփյուռքը, Ցեղասպանության անժամանցելի հանցագործության մերժումը։ Հիմա դուք Ալիեւի ուղիղ ցուցումով Սահմանադրություն եք ձեւում՝ հայտարարելով, թե չորրորդ հանրապետության եք կերտում։ Եվ այս ամենը կատարվում է քաղաքական ու մարդկային ցածր որակներով, մանիպուլյատիվ գործիքներով՝ ցլերի ու կարմիր լաթերի անհեթեթ հորինվածքներով, նվաստացնելով բանակը, ծաղրի առարկա դարձնելով պետական խորհրդանիշերը: Խամաճիկային պետությունն էլ ինչպե՞ս է լինում»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ հիմա էլ զինանշանն ու օրհներգն են մեղավոր, այնտեղ տեղ գտած «թշնամի» բառը, Արարատը, մեր քաղաքակրթական ժառանգությունը: «Խուլ պիտի լինել՝ չլսելու իմ երկիրը խլելու Ադրբեջանի սպառնալիքները։
Իրականում դուք ոչ թե խաղաղության համար, այլ պետության ունենալու մեր կամքի դեմ եք պայքարում՝ լեգիտիմացնելով ու հանցակից դառնալով ցեղասպանին։
Այսպես անփառունակ մսխել հազարամյակների ժառանգությունը, ու դեռ հավակնել «չորրորդ հանրապետություն» կերտել։ Երբեմն ինձ թվում է, թե դուք չենք գիտակցում ուրացումի ու կորստի մասշտաբները։ Ցավոք, երկիրն այնպես եք հյուծել, որ այլընտրանք չկա. պարտավոր ենք չորրորդ հանրապետություն կերտել, բայց հաստատ ոչ դուք, ոչ այն քաղաքական ուժը, որ երրորդ հանրապետությունը տարավ կապիտուլյացիայի ու դեռ շարունակում է քանդել երկրի կենսունակության հիմքերը»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ