Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանն առաջարկում էր զորացրել մեր բանակը, բեղեր պահել, ֆես դնել, մարդկանց անունները փոխել»․ Ռուբեն Ռուբինյան

Փետրվար 06,2024 17:48

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ «Վարչապետն իր հարցազրույցում մի պարզ միտք էր արտահայտում, որ ՀՀ գոյությունը երաշխավորելու համար կարեւոր կոմպոնենտ է այն, որ մենք կենտրոնանանք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի վրա եւ մեր լեգիտիմության սահմանների վրա կանգնենք, չունենանք տարածքային պահանջներ հարեւաններից։ Նրանք այս հարցազրույցը մեկնաբանում են որպես հրաժարում հայկականությունից, հայկական արժեքներից, պատմությունից եւ աշխարհում գոյություն ունեցող ցանկացած սրբությունից»,- ասաց Ռուբինյանը։

Նա դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին․ «Պարոն Մամիջանյան, դուք ասում եք՝ մենք այն ժամանակ ունեինք երկու պետություն։ Շատ լավ, խնդրում եմ բացատրեք ինձ՝ եթե մենք ունեինք երկու պետություն, ինչո՞ւ էր Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռն զբաղեցնող Սերժ Սարգսյանը ասում, որ ինքը ցանկացած իշխանականի, որը կհանդգնի ասել, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կազատի աշխատանքից, այն էլ 10 րոպե հետո։ Կամ, եթե ՀՀ այն ժամանակվա նախագահի աթոռն զբաղեցնող Սերժ Սարգսյանն ասում էր, որ անընդունելի է, որ իշխանության մաս կազմող որեւէ պաշտոնյա խոսի այն մասին, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի հարեւանների նկատմամբ, ձեր ելույթի տրամաբանությամբ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանն առաջարկում էր զորացրել մեր բանակը, բեղեր պահել, ֆես դնել, մարդկանց անունները փոխել՝ Իբրահիմ, Սայիդ։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս դուք կարող եք Սերժ Սարգսյանի հարցազրույցի դեպքում, երբ ասում է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի եւ չպետք է ունենա իր հարեւաններից, դա համարել նորմալ, իսկ երբ ներկայիս Հայաստանի վարչապետն ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չպետք է ունենա հարեւաններից, դա համարում եք ուրացում։ Ո՞րն է տրամաբանությունը»,- ասաց Ռուբինյանը։

Նա արձագանքեց նաեւ պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին․ «Տիկին Մկրտչյան, երբ դուք ամեն անգամ գալիս այստեղ եւ ասում եք՝ այս իշխանազավթները, ես ուզում եմ հիշեցնել՝ վերջին անգամ Ազգային ժողովը ձեւավորվել է ընտրություններով՝ ժողովրդավարական, չկեղծված, չվիճարկված։ Եթե կեղծված են, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, գնացեք այստեղից։ Առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Սերժ Սարգսյանի հորդորով՝ արված իր Հանրապետական խմբակցությանը։ Իշխանազավթմա՞ն էին մասնակցում, թե՞ նկատի ունեք, որ հայ ժողովուրդը դավադրաբար Սերժ Սարգսյանից զավթեց իշխանությունը։ Եթե դա նկատի ունեք, գուցեեւ ճիշտ եք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829