Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեկ անգամ չէ, որ դիմում է Սահմանադրական դատարան

Փետրվար 06,2024 17:40

Երեւան քաղաքի նախկին դատավոր, կալանավորված Արուսյակ Ալեքսանյանի սահմանադրական դատարան դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը մեկ անգամ հետաձգվել էր, նշանակվել այսօր՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11.00-ին: Վիճարկվող հոդվածը վերաբերվում է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու, երկարաձգման մասին դատարանի կայացրած որոշման ստանալու հարցին:

Քիչ առաջ տեղեկացանք, որ որոշում չի կայացվել, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 13-ին:

Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 3-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում թիվ 58236222 քրեական վարույթի շրջանակում 2022 թ. հոկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 2 միջնորդություն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: ԲԴԽ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումներով Գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են: Ա. Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, նա կալանավորվել է:

Արուսյակ Ալեքսանյանը մեկ անգամ չէ, որ դիմում է Սահմանադրական դատարան: Նա հասցրել էր վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը (Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն), «ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, երբ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել՝ անկախ այն հանգամանքից, թե մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրված եղել է, թե՝ ոչ…

Ըստ նրա, Հակակոռուպցիոն դատարանը թույլ էր տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, խախտել է իր՝ մեղադրյալի ազատության եւ անձնական անձեռնմխելիության սկզբունքը, քանի որ կալանքը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքի խախտմամբ ու անտեսմամբ: Դիմողն ընդգծել էր, որ բոլոր այն դեպքերում, երբ լրացել է իր՝ մեղադրյալի կալանքի ժամկետը, եւ առկա չէր դատարանի որոշում՝ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, ապա օրենքի ուժով մեղադրյալը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, որպիսի փաստն էլ հենց հանդիսանում է խոչընդոտ, որ կալանքի ժամկետի երկարաձգման հարցը լուծում ստանա:

Ի դեպ, գործի վարույթն անցյալ տարվա հոկտեմբերի 3-ի աշխատակարգային որոշմամբ մասամբ կարճվել էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829