ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների եւ քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթը, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն եւ Առողջապահության նախարարության՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է այդ գործառույթը վերապահել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը, որն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների, դրամական վճարների նշանակումն ու տրամադրումը, անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացումը, մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշումը, այդ թվում` մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացություն: Նա հստակեցրել է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը դիմելուց հետո 10 օրվա ընթացքում քաղաքացին կստանա պատասխանը:
Հարցը քննարկվել է ԱԺ-ի փետրվարի 6-ի նիստում:
ԱԺ