Չափազանց կարեւորում եմ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, հատկապես, երբ այն ուղղված է մեր երկրի ժողովրդավարական օրակարգն առաջ մղելուն: Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրին, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը եւ պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին:
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Մարինա Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Էմմա Պալյանը, Տիգրան Պարսիլյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ արտաքին գործերի եւ Առողջապահության նախարարություններ` Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման արտաքին քաղաքական նպատակահարմարությանը, ինչպես նաեւ կոնվենցիային միանալու մինչ այժմ իրականացված քայլերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու գործադրված ջանքերը:
Նարեկ Զեյնալյանը, կարեւորելով հոգեկան առողջության հետ կապված մարդու իրավունքների պաշտպանության հարցը, տեղեկացրել է, որ ներկայում ուսումնասիրվում է եվրոպական տարբեր երկրների փորձը:
Պատգամավորները եւս բարձր են գնահատել ԵԽ հետ համագործակցությունն ու եվրոպական չափանիշների շարունակական ներդրումը ՀՀ-ում:
ՀՀ ԱԺ