«Օրերս Նիկոլ Փաշինյանը մի հարցազրույց էր տվել, որի վերաբերյալ բուռն քննարկում ծավալվեց՝ լեգիտիմ նպատակ, կարմիր շոր, ցլեր։ Եկեք շարունակենք Փաշինյանի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։ Մի օր էլ մեզ կասեն՝ ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում, կզեք ու կզած ապրեք, տեսնո՞ւմ եք, թրեր ու զենքեր են թռչում։ Հետո կասեն՝ էդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացրած՝ պաշտպանվելու համար, հանիր։ Եվ առհասարակ այդ գոտին էլ հանիր, որ երբեւէ զենք չկարողանաս կրել։ Հետո ասելու ենք՝ այդ ի՞նչ խաչ է վզիդ, հանիր»,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ հետո ասելու ենք՝ մի հիշիր, որ պատմություն ունես, հզոր ես եղել, թագավորական հարստություններ ես ունեցել, մոռացիր, այդպես ավելի հեշտ կապրես։
«Հետո մի պահ էլ կասեն՝ այդ ի՞նչ լեզվով ես խոսում, պարզ չէ՞, որ ուրիշ լեզվով խոսես, ավելի հեշտ ես ապրելու։ Հետո էլ ասելու են՝ ինչո՞ւ եք երեխուդ մայրիկիդ ու հայրիկիդ անունով անվանակոչում, անունը դիր Էլչին, Զեյնափ, այսպես ավելի հեշտ կապրեն։ Հետո կասեն՝ ինչո՞ւ եք անառակություն տեսնելիս երեխու աչքերը փակում, բացեք, թող անառակությունները տեսնի, սովորի։ Հետո ինչ-որ պահի կասեն՝ կարմիր շորերը հանեցիր, լավ է, բայց մի հատ էլ կարմիր ֆես դիր գլխիդ, այդպես ավելի հեշտ կապրես։ Հետո էլ ասելու են՝ լսիր, մինչեւ ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս է գալիս, մի հատ «պրիցելի» նշան ճակատիդ դաջիր, վզիդ էլ մի հատ գիծ արա, որ յաթաղանով գլուխդ կտրելուց ավելի հեշտ լինի։
Այ սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը։ Շատ պարզ ու հստակ։ Ի՞նչ էր ասում՝ պետական ազգ, պետական ժողովուրդ։ Իմ ժողովուրդը երկու պետություն է ունեցել մինչեւ ձեր գալը, մեր ժողովուրդը պետական ժողովուրդ է, ձերը՝ չգիտեմ»,- ասաց Մամիջանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ