Միասնական տոմսային համակարգը նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին, այդ ժամանակ արդեն Երեւանում կլինեն 171 հատ 8 եւ 6 մետրանոց նոր ավտոբուսները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Մինչեւ համակարգի բուն գործարկումը, ըստ Գրիգորյանի, պետք է հստակեցվեն այն խմբերը, որոնք արտոնություն են ստանալու՝ գուցե վճարից ազատվեն կամ գուցե զեղչի համակարգ գործի։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, նախատեսվում է տարբեր տոմսերի համար տարբեր սակագներ։
Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում, ինչպես նախագծում է գրված՝ 30 օր Mifare ֆիզիկական քարտ տոմս՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով․ «Տարբեր տոմսային պրոդուկտներ են մշակվել, դրանք նախատեսված են տարբեր խմբերի համար։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, որը մի քանի օրով է Երեւանում, տրամաբանություն չկա, որ ձեռք բերի ամսական եռամսյա կամ տարեկան տոմս։ Նրա ուղեւորությունները սուբսիդավորելու տրամաբանությունը սխալ է։ Այն սակագինը, որն այսօր կա, եւ անգամ այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, դա չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Սուբսիդավորել զբոսաշրջիկի տոմսը տրամաբանական չէ։ Դրա համար սահմանել ենք մի ուղեւորություն մի տրանսպորտային միջոց, որ նույն տոմսով տարբեր մարդիկ միաժամանակ չկարողանան երթեւեկել։ Այսինքն, եթե դու ակտիվացրել ես այդ QR կոդը մի տրանսպորտային միջոցում, զուգահեռ նույն տոմսով չի կարող մեկ այլ մարդ օրինակ մետրոյում օգտվի ուղեւորափոխադրումից»։
Կարդացեք նաև
Գրիգորյանի ներկայացմամբ՝ այսպիսով ապահովվում է, որ տվյալ, իր խոսքով ասած՝ պրոդուկտը հասնի հենց իր հասցեատիրոջը, եւ նաեւ չձեւավորվի երկրորդային շուկա․ «Մարդը ձեռք է բերել վաթսուն ուղևորությամբ երեսուն օրյա տոմս, որի ժամկետը երեսուն օր է, հասկանում է, որ չի հասցնի իր տոմսը սպառել, վաճառում կամ փոխանցում է այլ մարդկանց ցածր գնով»։
Այդ տոմսով, Գրիգորյանի խոսքով, նույն համարի ավտոբուսով եթե անձը, օրինակ` գնում է աշխատանքի, կարողանալու է նույն տոմսով նույն համարի ավտոբուսով վերադառնալ։
Գրիգորյանն ասաց, որ այս նախագիծը միտված է նրան, որպեսզի այսօրվա սուբսիդիայի ծավալը, որն այժմ բավականին բարձր է, նվազի․ «Այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է, մեկ է՝ լրացուցիչ ֆինանսավորման կարիք լինելու է։ Այս նախագիծը ուղղված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղեւորների նկատմամբ, ում պետք է՝ սուբսիդավորվի, ում պետք չէ՝ չսուբսիդավորվի։ Բացի այս, նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության այդ հավելվածի միջոցով տոմս ձեռք բերելու դեպքում փոքր զեղչ լինի։ Այս ամբողջը բերել թվային եւ տեսանելի դաշտ, հաշվետվությունների դաշտ»։
Փոխքաղաքապետն ասաց, որ հանրային տրանսպորտի ոլորտում կա ոչ փոքր ծավալի ստվերային շրջանառություն․ «Քանի դեռ կոպեկներով է, ստվերային շրջանառությունը շատ է, որը չի երեւում ու չի հաշվարկվում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ