Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ծեծել էին ծեծված քաղաքացուն, որպեսզի պարզեին, թե ով էր իրեն ծեծել. ՆԳՆ փոխնախարարի արձագանքը՝ այս «բարեփոխումների» մասին

Փետրվար 06,2024 16:38

Ինչպե՞ս է ստացվել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը միայնակ կարողացել է ծեծել 5 կարմիր բերետավորի: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին: Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանին նման մեղադրանք է առաջադրվել ու ոստիկանները ցուցմունք են տվել, որ ծեծվել են:

Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Եթե կան կադրեր եւ պարոն Քոչարյանը վստահ է, որ հիմնավորվում է այլ բան, դրա համար համապատասխան իրավական ընթացակարգ կա: Եկեք ես հիմա գնահատական չտամ: Կա վարույթ, կողմերը ազատորեն կարող են ներկայացնել իրենց փաստարկները»:

Դիտարկմանը, որ չենք ուզում ունենալ այնպիսի ոստիկաններ, որոնցից 5-ին կարողանում են մի հոգով ծեծել՝ փոխնախարարը պատասխանեց. «Ուրեմն նպաստեք նրան, որպեսզի ունենաք այնպիսի ոստիկաններ, որոնք դուք ուզում եք»: Զարմանքին՝ ուղարկենք կարատեի կամ ժիմի՞՝ փոխնախարարը չպատասխանեց:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի քաղաքացի ծեծի 5 ոստիկանի՝ նա ի պատասխան ասաց. «Նմանատիպ իրավիճակ կարող է լինել, բայց վերադառնալով կոնկրետ օրինակին՝ ես իրավասու չեմ մեկնաբանելու այդ իրավիճակը: Վարույթի շրջանակներում պարզ կլինի՝ արդյոք դա ճի՞շտ է»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ոստիկանության բարեփոխումները բերելո՞ւ են այն հանգրվանին, որ չլինեն բռնություն գործադրող ոստիկաններ, որովհետեւ հիշում ենք դեպք, երբ օրինակ ոստիկանները ծեծել էին ծեծված քաղաքացուն, որպեսզի պարզեին, թե ով էր իրեն ծեծել՝ Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Մեր ընդհանուր տեսլականն էլ է դա, որ մենք, դուք տարբեր իրավիճակներում չբարձրաձայնենք բռնության հետ կապված այնպիսի դեպքեր, որոնք իրականում շատ մտահոգիչ կարող են լինել: Դրա համար նախարարը իր հանձնարարականներում, հատկապես ուղղված ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը, թե՛ մյուս պրոցեսներում այնպես ենք անում, որ այս բաղադրիչով համակարգային առումով որեւէ խնդիր ինքներս չարձանագրենք:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորմանը՝ որպես կին ու պաշտոնյա՝ Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են ու սեռով պայմանավորված տարբեր օրենսդրական կարգավորումներ մտածելը խտրական մոտեցում է, սեռը մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկվում ու դատարաններն են որոշում՝ այդ իրավիճակում համաչա՞փ է կիրառել կալանքը, թե՞ ոչ:

Aravot.am-ը հարցրեց՝ Ալեն Սիմոնյանը այս թիմի կարկառուն ներկայացուցիչներից է ու մենք տեսնում ենք, թե այս օրերին ինչպես են վարվում նրա հետ բարեկամական կապեր ունեցողների հետ, դուք մտավախություն չունե՞ք, որ ինչ-որ պահի ձեզ էլ օգտագործեն թիմի կարիքների համար եւ հետո ձեզ հետ էլ նույն կերպ վարվեն ու այս ասելիքները ձեզ հիշեցնեն: Փոխնախարարը պատասխանեց. «Ես ծառայում եմ ՀՀ-ին եւ պատրաստ եմ իմ ծառայությունն իրականացնել ՀՀ-ում այնքան ժամանակ, քանի դեռ կհասկանամ, որ օգտակար եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829