Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու վրա թքելը կամ քաղաքացու լեզուն կտրելու սպառնալիքը ի՞նչ մշակույթ է»․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Փետրվար 06,2024 16:23

«Ես անձամբ քրեական ենթամշակույթին եւ այդ մշակույթի քարոզը պարունակող հաղորդումներին էլ, ֆիլմերին էլ դեմ եմ։ Բայց ես կարծում եմ, որ այս նախագծով նեղ հատվածական խնդիր ենք լուծում, որովհետեւ ընդամենը գործ ունենք մուլտիպլեքսում տեղ գտած 10-15 հեռուստաընկերությունների հետ եւ չունենք սահմանումը, թե ինչ է նշանակում քրեական ենթամշակույթի քարոզ»,- Ազգային ժողովի նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորների հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին։

Գալստյանը ՔՊ-ականներին առաջարկեց խնդիրներին շատ ավելի լայն ու անկեղծ նայել՝ նշելով, որ աղավաղված եթերն աղավաղված բարքերի նշան է։ «Մի համեմատություն անենք՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին 4-5 տարիներին հանցագործություններն աննախադեպ աճ են գրանցել, մանավանդ ծանր հանցագործությունները։ Ես կուզեի նաեւ հասկանանք, որ հանրային դիսկուրսում եւ շատ պաշտոնյաների կողմից հնչում է խոսույթ, որն ակամայից ունի քարոզչական նշանակություն։ Եվ քաղաքական մեծամասնությունը, առհասարակ քաղաքական անձինք պետք է շրջահայաց լինեն իրենց վարքագծին, որովհետեւ ակամայից նրանք դառնում են այդ քարոզչության կրողներն ու պատասխանատուները։ Այ, ձեր քաղաքական ղեկավարն իր խոսույթում բազմաթիվ այդպիսի հրաշալի օրինակներ է տվել՝ ասֆալտին փռելու, վնգստացող դատավորների, ասֆալտի դիետայի եւ այլնի մասին։ Եթե դուք իսկապես անկեղծ եք, ես ուզում եմ հավատալ այդ անկեղծությանը, որ ուզում եք հանրային դիսկուրսը մաքրեք հանրային բարքերից, եկեք նախ եւ առաջ փնտրենք ոչ թե արդարացումներ, այլ մտածենք, թե ինչպես հանրային կյանքը մաքրենք այն բարքերից, որոնք արատավորելու են հասարակության հոգեւոր եւ մտավոր առողջությունը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Այս նախագծի հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանին Լիլիթ Գալստյանը նաեւ հարցրեց․ «Ինձ հետաքրքիր է՝ քաղաքացու վրա թքելը կամ քաղաքացու լեզուն կտրելու սպառնալիքը ի՞նչ մշակույթ է եւ հանրային հարաբերությունների ու հանրային բարքի ի՞նչ ցուցիչ»։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ձեր տված հարցերի հետ կապված կան կոնկրետ իրավապահ մարմիններում բողոքներ, գործեր, եւ թողնենք թող իրավապահ մարմիններն իրենց գնահատականները տան։ Ձեր հարցն այս հարցի հետ կապ չունի, կոնտեքստից կտրված է, որովհետեւ ձեր կողմից հիշատակած երեւույթներին նախորդել ու հաջորդել են այլ երեւույթներ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829