«ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, և մեր Սահմանադրությամբ արգելված է, որ որևէ առանձին խմբակցություն ունենա սահմանադրական մեծամասնություն, ուստի ՔՊ-ն նման մեծամասնություն չունի։ Նրանք փորձելու են ազդել այլ պատգամավորների վրա»,- հարցին՝ որտեղի՞ց այն հույսը, որ իշխանական պատգամավորները միտքը կփոխեն և կհրաժարվեն ՀՀ Սահմանադրությունը փոխելու մտադրությունից, «Հայաքվե» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ըստ նրա՝ պետք է համոզել ՔՊ-ից երկու-երեք պատգամավորի, որ այս հարցը հանրաքվեի չդրվի․ «Մենք ոչ թե հույս ունենք, այլ վստահություն, որ դրա հնարավորությունը կա՝ հաշվի առնելով այն, որ անցյալ տարվա ընթացքում ՔՊ-ն և ոչ մի քվեարկության չի կարողացել գեներացնել 71 ձայն։ 15 պատգամավոր ՔՊ-ից մեր ներկայացրած նախագծին դեմ չեն քվեարկել։ Հենց ՔՊ խմբակցության մեջ մենք տեսնում ենք ճաքերը, լարվածությունը, որովհետև ՔՊ պատգամավորները, որոնք շատ թե քիչ ինքնուրույնություն ունեն՝ գիտակցում են, որ սա հայկական անկախ պետականության հանրաքվե է։ Գիտակցելով դա՝ նրանք չեն ուզում իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել։ Եթե կարողանանք ճիշտ հանրային ընդվզում կազմակերպել, ոչ թե մենք մեր կողմը պետք է տանենք ՔՊ-ական պատգամավորներին, այլ գործող վարչակարգը պետք է իր պատգամավորներին իր կողմը տանի»։
Ավետիք Չալաբյանը հիշեցրեց, որ իշխանությունն, իր ամբողջ վարչական ռեսուսը ներգրավելով Երևանի ընտրություններում՝ ընդամենը 75000 ձայն կարողացավ ստանալ։
Կարդացեք նաև
«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը փաստեց․ «Անկախության հռչակագիրը սովորական հայտարարություն չէ, այլ մեր պետության ծննդականն է, որից եթե հրաժարվում ես՝ դե յուրե հիմք ես դնում կասկածի տակ դնել քո պետության անվանումը, գոյությունը։ Որոշակի ուղերձ է, որ մեզ անընդհատ վախեցնելով՝ կարող են անընդհատ պահանջներ ներկայացնել՝ հետո կարող են ասել՝ փոխեք ձեր գյուղերի անունները, Երևանի անունը։ Սա սկիզբն է։ Վերջ չի ունենալու։ Սա պետության ոչնչացման տանող ճանապարհ է»։ Ըստ նրա՝ ոչ մի սահմանադրական բարեփոխում տեղի չի ունենալու․ «Նպատակն ընդամենը Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելն է։ Ոչ մի բարեփոխում չի լինի։ Ուզում են վերացնել մեր անկախությունը՝ նորից սահմանադրական բարեփոխման անվան տակ տանելով հանրաքվեի և վերացնելով մեր անկախությունը։ Հակընդդեմ մեր անկախության՝ փորձում են հանրաքվե կազմակերպել»։
Ըստ Ավետիք Չալաբյանի՝ սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրության 80-85 տոկոսը վճռական կերպով դեմ է հակազգային այս քաղաքականությանը․ «Հարցվողների 77 տոկոսը պատասխանել են, որ Արցախը զենքի ուժով պետք է վերադարձնել, 85 տոկոսն ասում է, որ Արցախը բանակցություններով և միջազգային հարթակներում աշխատանքով պետք է վերադարձնենք։ Մարդիկ գիտակցում են՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ»։
Հարցին՝ ի՞նչ շարունակություն պիտի ունենա անցյալ տարի՝ իրենց նախաձեռնած «Հայաքվե» նախաձեռնությունը, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Մեր Սահմանադրության 109-րդ հոդվածը հնարավորություն է տալիս 50 հազար և ավելի ստորագրության դեպքում օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ-ում, ինչը արեցինք։ ԱԺ-ում տեղի ունեցավ վերադաս հանձնաժողովի քննարկում, քվեարկություն հարցը լիագումար նիստերի օրակարգ մտցնելու համար։ ՔՊ մեծամասնությունը դեմ քվեարկեց դրան։ Փաստորեն կանգնեցրեց օրենսդրական նախաձեռնության հետագա ընթացքը։ Այդ դեպքում մենք ունենք մի քանի հնարավորություն՝ օգտվեինք Սահմանադրության 204-րդ հոդվածից, ևս 300 հազար քաղաքացու աջակցություն ստանայինք և տանեինք հարցը հանրաքվեի։ Մենք ուսումնասիրեցինք այդ տարբերակը, եկանք եզրակացության, որ Հանրաքվեի մասին գործող օրենքով պայմանավորված՝ դա պրակտիկորեն անհնար է, քանի որ այդ օրենքը հակասում է Սահմանադրությանը և լուրջ սահմանափակում դնում քաղաքացու իրավունքի վրա։ Եթե նորմալ պայմաններում քաղաքացիները գային, իրենց ստորագրությունը դնեին, մենք ներկայացնեինք ԿԸՀ, դա կանեինք, բայց Հանրաքվեի մասին օրենքը պահանջում է, որ դա արվի համայնքապետարանի տարածքում աշխատանքային օրերին, ժամերին, ինչը լրջագույն սահմանափակում է։ Որոշեցինք, որ այդ մասով պիտի գնանք օրենքի փոփոխության, որ սահմանադրորեն երաշխավորվի քաղաքացու իրավունքը, հանրաքվե նախաձեռնենք։ Կարևոր է տեսնել օրգանական կապը անցյալ տարվա նախաձեռնության ու հիմա արվողի միջև։ Մենք բերել էինք օրենքի նախագիծ, որը քրեականացնում էր անկախության հռչակագրում եղած երկու դրույթների խախտումը։ Իշխանությունը, սարսափելով այդ գաղափարից, որ վաղ թե ուշ դա կարող է քրեական օրենսդրության մաս դառնալ, և դրանք խախտողները ենթարկվել քրեական պատասխանատվության, որոշել են Անկախության հռչակագիրն ամբողջապես չեղարկել՝ սեփական քրեական պատասխանատվությունից վախենալու պատճառով։ Ուստի այն, ինչ արվել է անցյալ տարի ու հիմա արվողը, օրգանապես կապված են իրար։ Անցյալ տարի և հիմա պայքարում ենք Անկախության հռչակագրի համար՝ պարզապես տարբեր միջոցներով»։
«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարեց․ «Այս Սահմանադրությունը, եթե կյանքի կոչվի, սա պատմության մեջ մնալու է՝ որպես ալիևյան Սահմանադրություն։ Այն, ինչ անում են գործող իշխանությունները հակառակ Հայաքվեի թուրքաքվե է։ Մենք ոչ ենք ասում թուրքաքվեին և տապալելու ենք դա, թույլ չենք տալու, որ ՀՀ-ում լինի ալիևյան սահմանադրություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ