Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է «Մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառը»։ Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ը, իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
«Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի» բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
Նշենք, որ բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները: Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։ Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ:
Գրադարանի հարկի ներքո իրենց մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ զեղչերով:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ այս տարի ևս կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քո առաջին գիրքը» գրական արշավը․ գրադարանի աշխատակիցները տոնավաճառի օրերին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին կնվիրեն գրքեր։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է մանուկների, պատանիների շրջանում խթանել հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ, տարաբնույթ, ինտերակտիվ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս երեխաների ուշադրությունն ուղղել դեպի գրական ստեղծագործությունները։
Հատկանշական է, որ այս կարևոր նախաձեռնությունը երկու տասնամյակ շարունակ մեկտեղում է մանկապատանեկան գրականության ողջ գունապնակը՝ հնարավորություն ընձեռելով մեկ հարթակում հանրությանը ծանոթանալու մանկապատանեկան գրքի նորություններին և գրական արտադրանքի արդի միտումներին։
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ