Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պալյանը պատրաստվում է երաշխավորագիր տալ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար. «Ես միշտ լինելու եմ Ալեն Սիմոնյանի կողքին»

Փետրվար 06,2024 15:48

«Անմեղության կանխավարկածի հարց կա, որեւէ գնահատական իրավապահ համակարգին տալ չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ ես բավականին երկար ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանին, թե՛ իր կնոջը ճանաչում եմ, շատ հարազատ մարդու մասին եք խոսում: Ես չեմ պատկերացնում, որ ձեր նշած մարդիկ կարող էին նման իրավիճակում հայտնվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության անդամ Էմմա Պալյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության եւ կալանավորման հետ կապված:

Նա ասաց, որ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, բայց երբ եկան իշխանության, ասում էին, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու հիմա էլ ոչինչ չի փոխվել. «Եթե նույնիսկ ես՝ պատգամավոր եմ, ինչ-որ խախտում եմ անում, ապա օրենքի առաջ հավասար եմ, ինչպես դուք»:

Լուրեր կան, որ ՔՊ-ն ստորագրահավաք է սկսել՝ ի աջակցություն Ալեն Սիմոնյանի կալանավորված բարեկամի՝ Անի Գեւորգյանի, ուզում են երաշխավորագիր տալ: Էմմա Պալյանն ասաց, որ անձամբ ինքը՝ որպես կին պատգամավոր, նման ցանկություն ունի, բայց չի կարող դա ներկայացնել որպես ֆրակցիայի որոշում: Նա ասաց, որ պատրաստվում է նման առաջարկով հանդես գալ. «Եթե նման որոշում լինի խմբակցության կողմից, ես առաջիններից կլինեմ, բայց ես դեռ չեմ մասնակցել նման քննարկման: Այդտեղ խոսքը երիտասարդ կանանց մասին է եւ ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, հաստատ պատրաստ եմ երաշխավորագիր ներկայացնել»:

Հարցին՝ Տաթեւ Վիրաբյանն էլ էր երկու երեխաների մայր, ինչո՞ւ նրա համար էլ երաշխավորագիր չներկայացրեցիք նա պատասխանեց, թե թեմայից շեղում են. «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ պատրաստ եմ ներկայացնել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա արշա՞վ է Ալեն Սիմոնյանի դեմ՝ Պալյանը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանին ՔՊ թիմի ներսում շատ սիրում, հարգում են: Ես 2016-ից ՔՊ-ի անդամ եմ եւ վստահաբար կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որ հարգված, սիրված ընդունված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում: Ես միշտ լինելու եմ նրա կողքին, ավելի քան վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունը նույն կարծիքն ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ավելի վաղ հայտնել էր ԶԼՄ–ներին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միջնորդություն կներկայացնի մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին կալանքից ազատելու համար։ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել էր, որ այս առնչությամբ արդեն քաղաքական որոշում կա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829