Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից. Ժաննա Անդրեասյան

Փետրվար 06,2024 15:42

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որով լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցի առնչությամբ խորհրդարանում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ:

Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին՝ սկսած հասկացությունների սահմանումից: Միասնականացվում են ոլորտում գործող ուսումնական հաստատություններըգ իբրեւ ոլորտում գործող հաստատությունների միակ տեսակ մնում է քոլեջը: Տարբերակվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերը: ԱԺ հերթական նիստում հիմնական կարգավորումները ներկայացնելով՝ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում եւ դառնում կրթության կազմակերպման հիմնական ձեւ: Օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձեւերը, այլ նաեւ նկարագրում է կառուցվածքը? առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաեւ նոր կազմակերպական կառուցվածքում տարբեր գերատեսչությունների կառույցների գործառույթները: «Կարեւոր է, որ մենք նորովի եւ նոր որակով ենք ոլորտում նկարագրում սոցիալական գործընկերության տրամաբանությունը՝ ընդգծելով մասնավոր կազմակերպությունների հետ գործակցության նոր ձեւաչափերը»,- ընդգծել է նախարարն ու հավելել, որ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը: Բնագավառում գործելու է կրեդիտային համակարգը: Ամբողջությամբ փոխված է կառավարման համակարգըգ լինելու է մասնակցային, թափանցիկ եւ հաշվետվողական համակարգ: Տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտության պահանջ: Վերանայվում է ոլորտում լիցենզավորման գործընթացըգ նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինեն թե՛ գործունեության թույլտվությունը, թե՛ բուն կրթական ծրագրերի իրականացումը:

Վերափոխվում է ֆինանսավորման համակարգը. հիմքում մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մեխանիզմն է, որը կխթանի հաստատությունների միջեւ մրցակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Ուսանողների համար ֆինանսավորման հիմնական ձեւը դառնալու է կրթաթոշակի միջոցով ֆինանսավորումը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներդրվում է մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված համակարգ: Այս տարվանից կգործի կամավոր ատեստավորման համակարգըգ կգործի նույն ձեւաչափով խրախուսման հնարավորությունը՝ դրույքաչափը դառնալով 200.000 դրամ եւ դրան ավելանալով 30-50 տոկոս հավելավճարը: Ամբողջությամբ վերանայվում են ուսանողների եւ ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները: «Համակարգում եւս գնում ենք ամբողջական ներառականության ապահովման»,- փաստել է նախարարը:

Հարցուպատասխանի ձեւաչափում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու հարցին, որը հանրային հարթակում լայնորեն քննարկվում է: Նախարարի խոսքով առարկայի անվանումն ամենեւին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ: Ըստ նրա՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ ՀՀ-ի դպրոցներում պետք է ուսուցանվի Հայաստանի պատմությունը: «Սա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանի պատմություն կոչելուց առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,- նման կարծիք է հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհի տնօրենի լիազորություններին ու դրանց դադարեցման շրջանակում ավելի խիստ պահանջների սահմանմանը, մասնագիտական կրթության հասանելիությանը մարզերում, ուսանողներին տրամադրվող հանրակացարանային ենթակառուցվածքների մատչելիությանը:

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Թագուհի Ղազարյանը: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով բարեփոխումների փաթեթը համընկնում է մինչեւ 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ աշխատաշուկայի եւ երիտասարդ չաշխատող քաղաքացիների միջեւ ճեղքվածքը լրացնելու համար ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա, որոնցից մեկն էլ այս կարեւոր նախաձեռնությունն է:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ՄԿՈՒ-ների հավասար տեղաբաշխմանը, խոսել սոցիալական գործընկերությունը մոտիվացնելու կարեւորության մասին: Նրանք հետաքրքրվել են քոլեջների իրավական կարգավիճակով, վերացման միտում ունեցող մասնագիտությունների խնդրով, դուալ կրթության առանձնահատկություններով, ՄԿՈՒ-ների գույքային ու դասագրքերի հագեցվածությամբ: Կարծիքներ են հնչել նաեւ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նպատակահարմարության մասին:

Հակադարձելով պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է. «Դուք ասում եք՝ հակադրում եք ժողովուրդը պետությանը: Դո՛ւք եք հակադրում: Մեր տեսանկյունից հայ ժողովուրդը կամ Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանն անբաժան են: Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից: Չի կարող լինել նաեւ Հայաստանի շահ, որն անջատ է հայ ժողովրդի շահից: Ի՞նչն է խնդիրը»:

Հաջորդելով Ռուբեն Ռուբինյանին՝ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանը շարունակել է պնդել, որ իշխող քաղաքական ուժի մոտիվացիան հակադրելն է պետությունը, հայրենիքը, ազգը եւ ժողովուրդը:

Եզրափակիչ ելույթներում Թագուհի Ղազարյանը եւ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին ու ոլորտի խնդիրներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829