«Որեւէ բան փոխողը ՀՀ ժողովուրդն է: Հիմա դեռ վաղաժամ է եզրահանգումներ անել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը խմբագրելու հետ կապված ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Թե ինչու են ՀՀ իշխանությունները Ալիեւի ասածներն անում՝ Կոնջորյանն ասաց. «Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը, տեսնելով, թե Հայաստանում ինչ է քննարկվում, իր տեսանկյունից փորձում է խոսքային միջամտություն անել: Իրենք միշտ ասելու են բաներ, որոնք Հայաստանին վնաս են տալիս, որոնք կբորբոքեն: Կամա-ակամա չստացվի, որ մենք թելում ենք Ադրբեջանի ասեղը»: Ըստ նրա, Ադրբեջանը մեր ներհայաստանյան դիսկուրսին միանում է, որ զուտ կրքեր բորբոքի, որովհետեւ այստեղ ինչքան վատ, այնքան իրենց լավ:
Հարցին՝ ովքե՞ր են Ադրբեջանի ասեղը թելում, Հայաստանում Բաքվին զուգահեռ՝ Արարատից հրաժարվելու, թշնամի բառը օրհներգից հանելու, զինանշան փոխելու թեմաները բերում, Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ սինխրոն չի՞ անում դա՝ Կոնջորյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն աշխատում են ՀՀ ժողովրդի շահերից ելնելով. «Անկախության հռչակագրի օրը ՀՀ վարչապետը խոսել ու հարցադրումներ է արել, որոնք նույն տրամաբանության մեջ են, ինչ այսօրվա քննարկումները, այն ժամանակ Ալիեւը չի խոսել, դա եղել է ավելի շուտ»:
Դիտարկմանը, որ կարող է Ալիեւը վերելակում է դա ասած եղել՝ Կոնջորյանն արձագանքեց. «Հիմա գնացիք՝ վերելակային, բան…Այս թեման որեւէ կապ չունի Հայաստանից դուրս գտնվող արտաքին ուժերի հետ: Սա ՀՀ ժողովրդի շահերից բխող քննարկում է: Մենք պիտի քննարկենք, որ վերջում հասկանանք՝ ինչ ճանապարհով ենք գնում: Իմ անձնական տեսակետն այն է, որ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը հիմնարար դրույթներ են ու կողմնացույց են աշխարհում՝ կողմնորոշվելու տվյալ ժամանակաշրջանում տվյալ էպոխայի մարտահրավերների համատեքստում: Եթե դու ունես կողմնացույց, որը քեզ ցույց չի տալիս ճիշտ ճանապարհը եւ չի կատարում իր ֆունկցիան, ուրեմն դու պետք է իմանաս՝ ինչ կողմնացույց վերցնես: Այն ժամանակ մեր քաղաքական այրերը որոշել են, որ պիտի վերցնեն այդ կողմնացույցը: Հետո անմիջապես շեղվել են այդ կողմնացույցից, որովհետեւ տեքստը նպատակ ունի սպասարկելու պետության շահը, ինքը նպատակ ունի ճիշտ ճանապարհ ցույց տա: Մի անգամ ԱԺ-ում այդ օրինակը բերել եմ՝ պատկերացրեք, մեքենայով տեղ ենք գնում, նավիգատորով ուզում ենք գնանք Թումանյան փողոցից ասենք Մալաթիա-Սեբաստիա, բայց մեր նավիգատորը Երեւան քաղաքի քարտեզը չի, Գյումրու նավիգատորն է, մենք սխալ տեղ ենք գնալու: Մեր մտածողության, Սահմանադրության, մեր քաղաքական քարտեզը պիտի արտահայտի այն միջավայրը, որում մենք ապրում ենք: Որքանով է այդ կողմնացույցը, որը ժամանակին փորձել են install անել, արտահայտում այն միջավայրը այսօրվա աշխարհում, որում մենք գտնվում ենք: Կյանքը դինամիկ փոփոխվում է ու այն պետություններն ու ժողովուրդները, որոնք չեն կարողանում ժամանակին համընթաց ադապտացվելու նոր իրողություններին ու կարողանալու սպասարկել պետական շահերը, իրենց ռիսկի առջեւ են դնում՝ պատմության մայթեզրին հայտնվելու համար»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցրեց՝ դուք ասում եք՝ մեր նավիգատորը սխալ է, ասում եք՝ օրհներգում կա թշնամի բառը, այն պետք է փոխել, զինանշանը, դրոշը պետք է փոխել, իսկ չե՞ք կարծում, որ այդ ամբողջը փոխելու փոխարեն պետք է վարորդին փոխենք, որ ճիշտ տեղ հասնենք, որովհետեւ եթե դուք բերում եք, ասենք, խոպանից եկած, ճանապարհները չիմացող վարորդի, ինքը չի իմանում մեզ ուր տանել, ամենալավ նավիգատորն էլ ներբեռնեք, ինչպես դուք ասացիք, մենք տեղ չենք հասնելու՝ Կոնջորյանը պատասխանեց. «Ձեր հարցն ունի շատ կոնկրետ պատասխան, այդ հարցի պատասխանը տալիս է ՀՀ ժողովուրդը՝ ընտրությունների ճանապարհով: Ես հասկանում եմ՝ վարորդ ասելով՝ նկատի ունեք իշխանությունը, այո՛, ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում ով է իշխանությունը, ով է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ ընտրված վարչապետն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ