Տրանսպորտի ոլորտում վճարային նոր համակարգի ներդրմամբ ամենաէժան տոմսավճարը 300 դրամն է լինելու: Այս մասին ահազանգում է ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը:
«Սահմանվել են տոմսերի սակագներ, որոնց գործողության ժամկետները տարբեր են, ու քաղաքապետարանի կողմից ներկայացվել է հաշվարկ մեկ երթի համար, բայց մեկ երթի համար առանձին տոմս չի վաճառվելու: Վաճառվելու է մեկ տոմս, որը ենթադրում է երթերի այն քանակը, որի համար նախատեսված է այդ սակագինը: Հիմա 70 րոպե տեւողության համար նշվում է, որ մեկ փոխադրումը կարժենա 100 դրամ, սակայն 70 րոպե տոմսային սակագինը կներառի երեք երթի հնարավորություն: Դուք կարող եք նույնիսկ չփոխել տրանսպորտը, եթե մոտենաք համապատասխան վաճառակետին ու ասեք՝ տվեք ինձ ամենաէժան տոմսը, ձեզ կասեն ամենաէժան տոմսի արեքը 300 դրամ է ու այն ենթադրում է 70 րոպեի շրջանակում 3 երթ, դուք կասեք, բայց ես փոխադրում չունեմ ու ինձ 70 րոպե պետք չէ, ես ուզում եմ Զեյթունից իջնել կենտրոն, ձեզ կասեն՝ ամենաէժանը սա 300 դրամն է, ձեզ պետք չէ երեքից օգտվել, մեկից օգտվեք, փաթեթը ներառում է երեքը միասին, որը կարժենա 300 դրամ»,- բացատրեց Խաժակյանը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ եթե հաշվենք գնաճը, տրանսպորտի գնագոյացման բոլոր բաղադրիչները, հիմա սահմանված սակագներն ավելի բարձր են, քան տարիներ առաջ առաջարկվող 150 դրամ թանկացումը. «Սա արվում է առանց հանրային քննարկումների, առաջ ասում էին համաքաղաքային նշանակության հարցերը դնելու ենք հանրաքվեների, հիմա ամենակարեւոր հարցերից մեկը՝ տոմսային միասնական համակարգի սակագները առաջարկվում է փոփոխել ընդամենը մեկ շաբաթ շուտ հրապարակելով՝ առանց հանրային քննարկման: Իրենք, ըստ էության, թաքուն մշակել են այս փաթեթը, շատ արագ հիմա ներկայացրել են ավագանուն, որ քվեարկվի»:
Կարդացեք նաև
Դավիթ Խաժակյանի խոսքով, միասնական տոմսային համակարգի ներդրման դեպքում ամենաէժան տարբերակը համարվելու է տարեկան փաթեթը: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ այդ փաթեթի արժեքը կազմելու է օրական 110 դրամ. «Ու մեզ կարող է թվալ, թե դե 10 դրամ թանկացում, բայց այդպես չէ, 110 դրամ տարեկան երթի համար հաշվարկել են 1000 ուղեւորափոխադրում: Իմ հաշվարկով՝ միջին օգտվողը շաբաթական կարող է օգտվել 6 անգամ, 6 օր, յուրաքանչյուր օր 2 անգամ, մեծամասամբ, մարդիկ այդպես են անում, գնում են աշխատանքի, գալիս են եւ առավելագույնը շաբաթ կամ կիրակի գնում են ինչ-որ տեղ ու վերադառնում: Այդ պարագայում դա անում է 600 երթ, եթե հաշվենք տարեկան 110.000 դրամը 600 երթի կտրվածքով որքան է արժենում, ստացվում է 180 դրամ, ոչ թե այն, ինչ ներկայացնում են: Ընդ որում՝ ամենազարհուրելին ինձ համար այն է, որ այս թանկացումներն առաջարկում են առանց կարգավորելու հանրային տրանսպորտը, մարդիկ շարունակում են երկար սպասել հանրային տրանսպորտին ու շարունակում են խիտ երթեւեկել: Միակ բանը, որ բարեփոխվել է, այն է, որ գազել չէ, կռացած չեն երթեւեկում, դա ձեռքբերում է, բայց թանկացնել, առանց կայունացնելու հանրային տրանսպորտը, անթույլատրելի է»:
Մեր զրուցակիցը, նկատեց, որ եթե ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեն նիստերին, ինչպես հայտարարել է արդեն «Հանրային ձայնի»-ի առաջնորդը, որ իրենց խմբակցության անդամները չեն մասնակցի, ապա այս նախագիծը չի անցնի, կստեղծվի կառավարման ճգնաժամ. «Քանի որ քաղաքապետարանն այս հավելյալ եկամուտը հաշվարկել է այնպես, որ կարողանա տարեկան ծախսերը սպասարկել, իսկ առանց այս թանկացման, նրանք այնքան անարդյունավետ կառավարում են այժմ իրականացնում հանրային տրանսպորտի ոլորտում, որ եթե չթանկացնեն, մեծ բեռ է դառնալու բյուջեի վրա»:
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն այս համակարգի ներդրումը թանկացում չի կոչում։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։
https://www.youtube.com/watch?v=uk4_qzVK8-4&ab_channel=KarginTV
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ