Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարի «Ընդվզումը» կպատկերվի բարձրահարկ շենքի պատին եւ «կկենդանանա»

Փետրվար 06,2024 13:20

Այս տարին հոբելյանական է Երվանդ Քոչարի համար, լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 125-ամյակը: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին CITY OF THE FUTURE Yerevan Street Art Fest-ի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանը եւ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, ի թիվս այլ բացառիկ նախագծերի, եւս մեկը կիրականացվի՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ: Քոչարի՝ 1930թ. Ֆրանսիայում ստեղծված «Ընդվզում» գործը՝ 28 մետր բարձրությամբ եւ 15 մետր լայնությամբ, հնարավոր կլինի տեսնել Պուշկին 62 հասցեի շենքի պատին: Նախագիծն իրականություն կդառնա գարնան սկզբին:

Դավիթ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին բավականին ակտիվ գործունեություն են ծավալել ժամանակակից կերպարվեստի խոշորագույն մուրալ (mural) ուղղությունը Հայաստանում, մասնավորապես՝ Երևան քաղաքում տարածելու առումով: Նրա խոսքով, շատ կարեւոր է ժամանակակից մայրաքաղաքի կյանքում ունենալ մուրալ ոլորտի զարգացում: «Մուրալը քաղաքային մշակույթում բավական լուրջ դերակատարություն ունի՝ եւ գեղագիտական ճաշակի ձեւավորման, եւ տուրիզմի համար հետաքրքիր վայրեր ունենալու առումով, այն նաեւ յուրօրինակ ձեւաչափ է արվեստը հասարակությանը ներկայացնելու համար: Հերթական մեր նախաձեռնություններից մեկի ժամանակ, որն իրականացվել էր Գեղարվեստի ակադեմիայի պատի վրա՝ կրկին Իտալիայի դեսպանատան աջակցությամբ եւ իմ կողմից հրավիրված իտալացի մուրալիստ Անտոնինո Պեռռոտտայի կողմից, ես ծանոթացա տիկին Կարինեի հետ, եւ մեր պատկերացումները քաղաքային մշակույթի ու մուրալի զարգացման հետ կապված՝ կարծես համընկան: Որոշ ժամանակ անց ես մտահղացման մասին տեղեկացրի տիկին Կարինեին, եւ համաձայնության եկանք նախագիծն իրականություն դարձնելու առումով»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Նրա ձեւակերպմամբ, նոր սերունդը նոր միջոցներով է փորձում ընկալել արվեստը, իսկ մուրալը նոր սերնդի համար ընկալելի արվեստի միջոց է: Խաչատրյանը նախագիծը հավակնոտ եւ նախադեպը չունեցող է որակում, համոզված է, որ դա լինելու է 2024թ ամենաուշագրավ իրադարձություններից մեկը. «Նշաձողը շատ բարձր է լինելու, որովհետեւ նախ խոսքը գնում է մաեստրո Քոչարի մասին, բացի դրանից՝ այս ամենի հիմքում հնի եւ նորի միջեւ սրբազան կապի ստեղծումն է: Մենք ունենք Քոչարի հզոր ժառանգությունը, որը պետք է նոր լեզվով ներկայացնենք նոր սերնդին»:

Կարինե Քոչարն ասաց, որ սիրում են առանձնանալ ընդհանուր կոնցեպտներից եւ այս նախաձեռնությունը դրա վառ արտահայտությունն է: «Սա պետք է լինի բացառիկ նախագիծ, ստեղծելու ենք անիմացիոն տեսաֆիլմ, մարդիկ QR կոդի միջոցով կարողանալու են մի քանի լեզվով ՝ այդ թվում իտալերեն, տեղեկանալ նկարի այն մոտեցումներին, գաղափարական ուղերձներին, որոնք Քոչարը նկատի է ունեցել: Մի խոսքով՝ կլինի եւ անիմացիա, եւ անոտացիա, մենք կկենդանացնենք նկարը, դիտողին կհասցնենք այն ասելիքը, որ Քոչարը կցանկանար»,-ասաց թանգարանի տնօրենը:

Տիկին Քոչարը նշեց, որ Դավիթ Խաչատրյանի գաղափարը ոգեւորել է իրեն. «Դա շատ ժամանակակից էր, շատ համահունչ էր մեր այսօրվա մոտեցումներին, թանգարանի ուղղվածությանը»: Նա փաստեց, որ 30-ականներին Քոչարը Փարիզում մասնակցել է «L’Art Mural» շարժմանը: Երկու ցուցահանդես է կայացել, որի միջոցով փորձ է արվել համատեղել ճարտարապետների, քանդակագործների, նկարիչների՝ համատեղ արդյունք ստանալու ջանքերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829