Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում փորձ է կատարվում իրականացնել սահմանադրական հեղաշրջում»․ Ավետիք Չալաբյան

Փետրվար 06,2024 13:08

«ՀՀ-ում փորձ է կատարվում իրականացնել սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին անթաքույց հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը և նրա կամակատարները»,- «Հայաքվե» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը, այն վերածել Թուրքիայից ու Ադրբեջանից կախման մեջ գտնվող կիսապետական կազմավորման․ «Նպատակը ՀՀ անկախության հռչակագրի չեղարկումն է, որով սահմանվում են հայության ազգային նպատակները։ Վարչախմբի ներկայացուցիչները խոստովանել են, որ անում են Բաքվի ու Անկարայի պարտադրանքով, ավելին` նրանք հայ ժողովրդին սպառնում են նոր պատերազմով»։

Ըստ նրա՝ փորձ է արվում օտարել հայությանը իր ստեղծած պետությունից, զրկել մշակութային ժառանգությունից, վերացնել հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը։

Նա վստահեցրեց՝ վճռական հանձնառություն են ստանձնում պայքարել գործող վարչախմբի կողմից սկսած այս հակազգային ու հակապետական գործընթացի դեմ, խոչընդոտելու դրա իրականացմանը։ Նա կոչ արեց իրապես ազգային բոլորին ուժերին և մտահոգ քաղաքացիներին միանալ այս պայքարին, ձևավորել անկախության պաշտպանության միասնական ճակատ և թույլ չտալ հայկական անկախ պետականության կազմալուծումը մեր երդվյալ թշնամիների կողմից։

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ գործողություններ են նախաձեռնելու, նա պատասխանեց․ «Մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է հանրաքվեի իրականացման ընթացակարգը, որ ՀՀ-ում նոր Սահմանադրության ընդունմամբ հանրաքվե իրականացվի։ Նախ` դրա որոշումը պետք է ընդունի ԱԺ-ն, Սահմանադրության իրականացվող փոփոխությունները պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, հարցը հանրաքվեի դնելուց հետո գրանցված ընտրողների մեկ քառորդը պետք է քվեարկի։ Մեր պայքարը ուղղված է լինելու նրա դեմ, որ այս իշխանությունները չկարողանան այդ փուլերը հաղթահարել»։

«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը պարզաբանեց․ «Ըստ գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի համաձայնությունը։ Կազմում է 72 պատգամավոր։ Մեր առաջնային խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ այդ 72 պատգամավորը կողմ լինեն հակապետական նախագծի՝ հանրաքվեի դնելուն։ Ասեմ, որ «Հայաքվեն» ունի համապատասխան փորձառություն ազդելու ԱԺ-ում մթնոլորտի վրա։ Մեր նախագիծը, երբ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ էր մտնում, այդ քվեարկությանը չմասնակցեցին ՔՊ 72 պատգամավորներ, մասնակցեցին 56-ը, որոնցից երկուսը ձեռնպահ քվեարկեցին, մեկը՝ կողմ։ Հենվելով այս հանգամանքի՝ վրա մեր առաջնահերթ խնդրի վերջնական նպատակ ենք դիտարկում այն, որ թույլ չտանք կողմ քվեարկել նախագիծը՝ հանրաքվեի դրվելուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829