Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք ապրում ենք ազատ եւ անկախ Հայաստանում, խնդիրը ո՞րն է»․ Ռուբեն Ռուբինյան

Փետրվար 06,2024 12:59

«Քննարկումը ծավալվեց հայոց պատմության ու Հայաստանի պատմության շուրջը։ Թվում է, թե պարզ հարց է, դուք գնացիք հասաք այլ թեմաների, որոնք ընդհանրապես սրա հետ կապ չունեն»,- Ազգային ժողովի նստաշրջանում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Ռուբինյանը նշեց, որ ՀՅԴ միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի առաջին Հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը։

«Հիմա պարզ հարց եմ տալիս՝ Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք։ Լավ, եթե քննարկում ենք հարցը, ես այսպես եմ մտածում, հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը եւ գաղափարը եւ տարբեր կետերում վերագտել է այդ պետականությունը։ Եվ, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք ապրում ենք ազատ եւ անկախ Հայաստանում։ Խնդիրը ո՞րն է»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նա հարցադրում արեց՝ արդյոք հայ ժողովրդի պատմությունը եւ Հայաստանի պատմությունը տարբեր բաներ են։ «Իմ կարծիքով՝ դա նույն բանն է։ Այստեղ հարցը հետեւյալն է, թե մենք ո՞ր դիտանկյունից ենք դիտում մեր պատմությունը։ Արդյոք մենք կարծում ենք, որ կա ինչ-որ առանձին հայ ժողովրդի պատմություն, որը նույնական չէ Հայաստանի պատմության հետ։ Ես կարծում եմ՝ ոչ։ Այսքան բան, ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում խնդիրը։ Հայ ժողովուրդը որտե՞ղ է ձեւավորվել որպես ժողովուրդ, Հայաստանում։ Մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա։ Երբ դուք ասում եք՝ հակադրում եք ժողովուրդը պետությանը, դուք եք հակադրում, որովհետեւ մեր տեսանկյունից հայ ժողովուրդը կամ այսպես ասենք՝ Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանն անբաժան են։ Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից»,- ասաց նա։

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, որ այս իշխանությունը կապիտուլյանտ է, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Վերընթերցեք Դաշնակցության տարբեր ներկայացուցիչների հուշեր 1918-20 թվականների մասին»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829